Միրզոյան-Բլինքեն հանդիպմանը կարևորվել է սահմանազատման գործընթացի ապահովումը՝ հիմնված Ալմա-Աթայի հռչակագրի և 1975թ. քարտեզի վրա
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀունիսի 27-ին Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին:
ՀՀ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Կարևորվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի ապահովումը՝ հիմնված Ալմա-Աթայի հռչակագրի և 1975թ. քարտեզի վրա, սահմանից զորքերի հետքաշումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի պատշաճ հասցեագրումը՝ որպես տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման կարևոր գործոն:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերի շուրջ:
Արարատ Միրզոյանը ներկայացրել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը: Նախարար Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարվելու, ինչպես նաև բոլոր հայ ռազմագերիներին վերադարձնելու հրամայականը: