Եղցահողից և Լիսագորից խաղաղապահների ուղեկցությամբ բնակիչներ են մեկնել Ստեփանակերտ և վերադարձել
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱրցախի Հանրապետության Շուշիի շրջանի Եղցահող և Լիսագոր համայնքներից ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այսօր՝ հունիսի 26-ին, երթուղային միկրոավտոբուսով բնակիչներ են մեկնել Ստեփանակերտ եւ վերադարձել գյուղեր: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին տեղեկացրել է Եղցահողի համայնքապետ Արտակ Հակոբյանը:
«Հունիսի 23-ին՝ ուրբաթ օրը, հարևան Հին Շեն և Մեծ Շեն համայնքների բնակիչները ևս ռուս խաղաղապահների ուղեկցությամբ գնացել են Ստեփանակերտ՝ կենցաղում անհրաժեշտ ապրանքատեսակներ ձեռք բերելու նպատակով: Անընդհատ առաջացող խնդիրները ինչ-որ ձևով փորձում ենք հարթել, քանի որ Շուշիի շրջանի մեր չորս գյուղերը կրկնակի շրջափակման մեջ են»,-նշել է Ա. Հակոբյանը:
Համայնքապետի հաղորդմամբ, գյուղացիները ժամանակին բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքս են կատարել, և այս օրերին ստացված բերքը հավաքում են, ինչը որոշ չափով լրացնում է պարենամթերքի պակասը: