«Ոսկե խաղակոշիկի» գլխավոր հավակնորդներն այս պահի դրությամբ
ՍՊՈՐՏ«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդն, ամենայն հավանակնությամբ, կհաղթի «Ոսկե խաղակոշիկի» համար մրցավազքը։
Նորվեգացին 36 գոլ է խփել այս մրցաշրջանում, իսկ ԱՊԼ-ի գործակիցը «Ոսկե խաղակոշիկի» վարկանիշում 2 է։ Մրցաշրջանի ավարտից հետո նա իր ակտիվում ունի 72 միավոր և շարունակում է վստահորեն գլխավորել վարկանիշը։
Հիշեցնենք, որ այս մրցանակի համար հաշվի են առնվում միայն ներքին առաջնությունում գրանցած արդյունքները։
Երկրորդ տեղում է ԱՊԼ-ի մեկ այլ ներկայացուցիչ՝ «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը, որն ունի 60 միավոր (30 գոլ), իսկ Լիգա 1-ի ներկայացուցիչ Կիլիան Մբապեն (ՊՍԺ)՝ 28 գոլով (56 միավոր) երրորդն է։
Ալեքսանդր Լակազետը («Լիոն») չորրորդն է, ով այս պահի դրությամբ վաստակել է 54 միավոր (27 գոլ)։ Իսկ «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը եզրափակում է լավագույն հնգյակը 25 գոլով։
Նշենք, որ ԱՊԼ-ում ու Բունդեսլիգայում մրցաշրջանն արդեն ավարտվել է, իսկ մյուս թոփ լիգաներում մնացել է անցկացնել մեկ տուր։ Դժվար է պատկերացնել, որ մեկ խաղում որևէ ֆուտբոլիստ կկարողանա գերազանցել Հոլանդի ցուցանիշը (օրինակ, Մբապեին անհրաժեշտ է խփել 9 գոլ՝ Հոլանդին շրջանցելու համար)։
«Ոսկե խաղակոշիկ»․ Լավագույն հնգյակն այս պահի դրությամբ
1․ Էրլինգ Հոլանդ – 72 միավոր (36 գոլ x 2 գործակից)
2․ Հարի Քեյն – 60 միավոր (30 գոլ x 2 գործակից)
3․ Կիլիան Մբապե – 56 միավոր (28 գոլ x 2 գործակից)
4. Ալեքսանդր Լակազետ – 54 միավոր (27 գոլ x 2 գործակից)
5․ Վիկտոր Օսիմհեն – 50 միավոր (25 գոլ x 2 գործակից)