Ռուսաստանի դեսպանատան դպրոց ներխուժումը չի մնա առանց Մոսկվայի կոշտ արձագանքի․ ՌԴ ԱԳՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎարշավայում տեղի իշխանություններն ու ոստիկանները ներխուժել են ՌԴ դեսպանատան դպրոց՝ կոտրելով դուռը, հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Առավոտյան դպրոցի շենք են ժամանել քաղաքապետարանի ներկայացուցիչները՝ ոստիկանների ուղեկցությամբ, ինչպես նաև ռուս դիվանագետներ, այդ թվում՝ ՌԴ դեսպանորդ-խորհրդական Անդրեյ Օրդաշը։
Քաղաքապետարանի ներկայացուցիչը պահանջել է բացել դարպասը, սակայն մերժում է ստացել։ Օրդաշն ասել է, որ ռուսական կողմը շենքը բռնագրավելու բոլոր որոշումներն անօրինական է համարում, և զգուշացրել է պատասխան դիվանագիտական քայլերի մասին։
Դրանից հետո հատուկ հրավիրված ծառայությունները սկսել են կոտրել դարպասը։ Որոշ ժամանակ անց նրանց դա հաջողվել է, և նրանք ներխուժել են շենք, ապա դարպասից կողպեքով շղթա են կախել, որպեսզի գույքը չկարողանան դուրս բերել դպրոցից։
Տարածք թույլ են տվել միայն դեսպանատան ներկայացուցիչներին։ Օրդաշը զգուշացրել է, որ այդ մարդիկ օգտվում են դիվանագիտական կարգավիճակից։
Ավելի ուշ Օրդաշը ՌԻԱ Նովոստիին ասել է, որ դպրոցի անձնակազմին ժամանակ է տրվել մինչև ժամը 19։00-ն՝ շենքից դուրս գալու համար։
Ի պատասխան սրան՝ ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Ռուսաստանի դեսպանատան դպրոց ներխուժումը չի մնա առանց Մոսկվայի կոշտ արձագանքի և Լեհաստանի համար հետևանքների։
«Վարշավայի նման լկտի քայլը, որը դուրս է քաղաքակիրթ միջպետական հաղորդակցության շրջանակներից, չի մնա առանց մեր կոշտ արձագանքի և Լեհաստանի իշխանությունների ու Ռուսաստանում Լեհաստանի շահերի համար հետևանքների: Նման հակասական և սադրիչ ձեռնարկումների նախաձեռնողները պետք է հասկանան դա», - ասված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ: