Մենք պետք է օգնենք Հայաստանին զինվել․ Ֆրանսիայի Սենատի պատգամավոր
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՖրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազն արձանագրում է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության խախտումը։
Ֆրանսիացի պատգամավորը նշում է, որ այն, ինչ ԵՄ-ն անում է իր դիտորդական առաքելությամբ, լավ է, սակայն հավելում է, որ ավելին անելու անհրաժեշտություն կա, մասնավորապես, Դըվինազը կոչ է արել օգնել Հայաստանին զինվել։
Դըվինազն այս մասին ասել է Հայաստանում լրագրողների հետ զրույցում։ Նա Հայաստան է այցելել՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
«Ադրբեջանը խախտել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Մեր դիրքորոշումն արտահայտված է Սենատի իմ կոլեգաների կողմից։ Այն, ինչ անում է ԵՄ-ն իր դիտորդական առաքելությամբ, լավ է, սակայն մենք պետք է թույլ տանք, որ Հայաստանն ապահովի իր սահմանների անվտանգությունը, այսինքն՝ մենք պետք է օգնենք նրան զինվել»,- հայտարարել է ֆրանսիացի պատգամավորը։