Արցախի դեմ պատերազմում ադրբեջանական զինված ուժերի կազմում կռվել են սիրիացի և թուրք վարձկաններ. Պիեռ Ուզուլյաս
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի Սենատի անդամ Պիեռ Ուզուլյասը Հայաստանի օկուպացված տարածքներից Ադրբեջանի զինված ուժերի անհապաղ դուրսբերման, հրադադարի մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրի կիրարկման ապահովման և Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչով բանաձևի քննարկման ժամանակ ելույթը սկսել է Արցախում սիրիացի վարձկանների և ՀՀ ինքնիշխան տարածք Ադրբեջանի ներխուժման թեմաներով:
Սենատորը մատնանշել է, որ 2020 թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Արցախի դեմ պատերազմում ադրբեջանական զինված ուժերի կազմում կռվել են սիրիացի և թուրք վարձկաններ: «Այսօր էլ ռուս-ուկրաինական պատերազմն Ադրբեջանին թույլ է տալիս օգտվել առիթից և առաջ տանել իր սահմանները: Նրանց նպատակը Նախիջևանի հետ անարգել կապ ունենալն է: Սա պանթուրքիստական ծրագրի իրականացումն է, որը ենթադրում է Ստամբուլից Բիշքեկ կապի հաստատում:
Ադրբեջանի ագրեսիան պետք է որակել որպես Հայաստանի ինքնիշխան տարածքի խախտում: Տհաճ է, որ Եվրահանձնաժողովի նախագահը մեկնել է Ադրբեջան՝ նավթի և գազի վերաբերյալ պայմանագիր կնքելու՝ Ալիևին անվանելով «վստահելի գործընկեր»,- հայտարարել է Ուզուլիասը:
Նա կոչ է արել չմոռանալ եվրոպական արժեքները և սկզբունքները՝ չփոխարինելով դրանք գազով և նավթով:
«Հայաստանը մեր վախկոտության և դավաճանության հայելին է: Մենք կառավարությանը կոչ ենք անում՝ օգտագործել մեր ողջ դիվանագիտական արսենալը և էմբարգո կիրառել Ադրբեջանից գնումների վերաբերյալ»,- պնդել է սենատորը:
Նա նաև նշել է, որ Եվրոպայի և աշխարհի այլ երկրների հետ համագործակցությամբ պետք է կանխվեն Թուրքիայի ծավալապաշտական ծրագրերը, ինչպես նաև ագրեսիան Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ: