Ղազախստանում մեկնարկել է ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՂազախստանում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն 2022», «Որոնում 2022» և «Էշելոն 2022» հատուկ վարժանքների ակտիվ փուլը, գրում է ՏԱՍՍ-ը:
Մինչև հոկտեմբերի 8-ը անցկացվելիք զորավարժությունների ընթացքում մշակվելու են պարետային ծառայության, հակաօդային պաշտպանության և բազմակողմանի ապահովման հարցերը:
«Փոխգործողություն 2022» հրամանատարաշտաբային զորավարժությունը նախատեսում է հավաքական անվտանգության Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ռազմական հակամարտության տեղայնացման համատեղ գործողության նախապատրաստման և անցկացման հարցերի մշակում:
«Որոնում 2022» զորավարժության ընթացքում պետք է մշակվեն ՀԱՊԿ անդամ պետությունների հետախուզական մարմինների և ուժերի կողմից հետախուզության կազմակերպումը և իրականացումը, իսկ «Էշելոն 2022»-ն ուղղված է նյութատեխնիկական ապահովման կազմակերպման մշակմանը:
Նշենք, որ Հայաստանն այս զորավարժություններին չի մասնակցում՝ պայմանավորված հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակով։ ՀԱՊԿ-ին անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը: