Ադրբեջանցի տղամարդիկ են պայթել ականի վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄարտակերտի` Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքում (Թարթառի շրջանում) ադրբեջանցի երկու տղամարդիկ են պայթել ականի վրա։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։
Միջադեպը տեղի է ունեցել Հասան Գայա գյուղի տարածքում։
Ականի վրա պայթել են Նիջաթ Ջաբարովը (1990թ.) և Ռաֆայել Բայրամովը (1976թ.)։ Տղամարդիկ հոսպիտալացվել են, նրանց ոտքերն անդամահատել են։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի վերահսկողությանն անցած Քաշաթաղի շրջանում ականի վրա ադրբեջանցի էր պայթել նաև օգոստոսի 30-ին ականազերծման աշխատանքների ժամանակ։ Հակահետևակային ականի պայթյունի հետևանքով Նաջմեդն Հուսեյնովը թեթև մարմնական վնասվածքներ էր ստացել։
Ըստ պաշտոնական տվյալների` 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում ականի պայթյունի 224 դեպք է գրանցվել, ինչի հետևանքով մահացել է 39 քաղաքացիական անձ և զինծառայող: