Չնայած սահմանին հարաբերական հանգիստ է, իրավիճակը շարունակում է մնալ շատ լարված. «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած մի քանի օր է՝ հումանիտար հրադադար է հաստատվել, սակայն չեն դադարում լուրերը, որ ՀՀ սահմանի երկայնքով, նաեւ Նախիջեւանի մասում, հակառակորդը զորք է կուտակում, եւ հրադադարը կարող է ամեն պահի խախտվել։ Այդ լուրերը չի հերքում նաեւ Փաշինյանը, ով երեկ հեռախոսազրույցներ է ունեցել Պուտինի, ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի ու Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ եւ բոլորին ասել է․ «Չնայած սահմանին հարաբերական հանգիստ է, իրավիճակը շարունակում է մնալ շատ լարված»։
Իսկ նախօրեին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ՀՀ ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն ասել է՝ եթե միջազգային համայնքը հասցեական չդատապարտի ու պատասխանատվության չկանչի Բաքվին, ագրեսիան կարող է ընդարձակվել, եւ նշել է, որ հրադադարի ռեժիմը վտանգված է, քանի որ Բաքուն նոր հարձակում է նախապատրաստում։
Մյուս կողմից՝ երեկ երեկոյան Ջերմուկից լուրեր էինք ստանում, որ թշնամին հեռացրել է սահմանին տեղակայած զինտեխնիկան, ինչը կարող է պայմանավորված լինել դեսպանների եւ ՀԱՊԿ-ի օպերատիվ խմբի այցով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում