Իրանը վճռականորեն կպատասխանի Իսրայելի սադրիչ գործողություններին․ ԻՀՊԿ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելի, նրա տարրերի եւ աջակցող ռեժիմների ցանկացած սադրիչ գործողությանը Իրանի պատասխանը վճռորոշ կլինի։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Խաթամ ալ-Անբիայի շտաբի հրամանատար, գեներալ-մայոր Ղոլամ Ալի Ռաշիդը, փոխանցում է Tasnim-ը։
Նրա խոսքով՝ իր շտաբը Իսրայելը համարում է թիվ մեկ սպառնալիքը Իրանի ազգային անվտանգության համար։
Մեկնաբանելով իսրայելցի պաշտոնյաների հայտարարությունները, որոնք իրենց վրա են վերցրել Իրանի միջուկային օբյեկտների, ինչպես նաեւ ազգային շահերի եւ անվտանգության դեմ ռազմական գործողությունների սպառնալիքի պատասխանատվությունը, գեներալն ասել է, որ իսրայելական նման սպառնալիքներն արվում են ԱՄՆ-ի հետ համակարգելով եւ նրա հովանու ներքո: Նա նաեւ զգուշացրել է, որ իրանցի զինվորականները վճռականորեն եւ համաչափ կպատասխանեն սպառնալիքներին՝ հիշեցնելով բոլոր տարրերին, վարձկաններին եւ կառավարություններին, որոնք համագործակցում են Իսրայելի հետ, որ նրանք ստիպված կլինեն գին վճարեն։
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը նախօրեին ասել էր, որ Իսրայելն ունի լիակատար ազատություն՝ գործելու այնպես, ինչպես անհրաժեշտ է համարում, որպեսզի կանխի Իրանի՝ միջուկային սպառնալիք դառնալու հնարավորությունը։ «Ինչպես մենք պայմանավորվել ենք Բայդենի հետ, Իսրայելը լիակատար ազատություն ունի գործելու այնպես, ինչպես անհրաժեշտ է համարում, որպեսզի կանխի Իրանի՝ միջուկային սպառնալիք դառնալու հնարավորությունը»,- ասել էր նա։