Հունիսի վերջ-հուլիսին մեր կողմից թեժ հարձակում է լինելու. Զելենսկու գրասենյակ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչն ասել է, որ Ուկրաինան շուտով հզոր զենք կստանա Արևմուտքից, իսկ հետո կսկսի ակտիվ հարձակողական գործողություններ՝ իր տարածքն ազատագրելու համար, գրում է korrespondent.net-ը։
Արեստովիչն ասել է, որ մայիսի վերջին-հունիսի սկզբին արևմտյան զենքերը կժամանեն «առևտրային քանակությամբ, որը կարող է փոխել ուժերի հավասարակշռությունը կոնկրետ տարածքներում»:
«Հունիսի վերջ-հուլիս ամիսներին մեր կողմից թեժ հարձակում է լինելու»,- հավելել է նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդականը:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին: Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։
Ի պատասխան Արևմուտքը սահմանել է նոր հակառուսական պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր, ներառյալ «Սբերբանկ»-ը և ՎՏԲ-ն: Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Կանադան և մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա: