Ղրղզա-տաջիկական սահմանին փոխհրաձգության հետևանքով երկու քաղաքացի է վիրավորվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵրկու քաղաքացի է տուժել ղրղզա-տաջիկական սահմանին տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով: Այդ մասին ապրիլի 13-ին «Ինտերֆաքս» գործակալությանը հաղորդել են Ղրղզստանի առողջապահության նախարարությունում:
Բժիշկների տվյալներով՝ տուժածներից մեկը գտնվում է ստացիոնարում, վիճակը միջին ծանրության է: Երկրորդ տուժածն առաջնային բժշկական օգնություն ստանալուց հետո բավարար վիճակում ուղարկվել է ամբուլատոր բուժման:
Ապրիլի 12-ի երեկոյան Ղրղզստանի սահմանապահ ծառայությունը հաղորդել էր ղրղզա-տաջիկական պետական սահմանին տեղի ունեցած երկու փոխհրաձգության մասին:
Նախնական տվյալներով՝ առաջին բախման ընթացքում Տաջիկստանի մեկ զինծառայող ստացել է հրաձգային վիրավորում: Կրկնական փոխհրաձգության ժամանակ Ղրղզստանի զինծառայող է վիրավորվել. նրա վիճակը գնահատվում է որպես ծանր:
Բացի այդ, հաղորդվել է ղրղզական գյուղից ականանետից գնդակոծության մասին: Ավելի ուշ Ղրղզստանի սահմանապահ ծառայությունը հաղորդել է այն մասին, որ բանակցությունների ընթացքում կողմերը պայմանավորվել են լրացուցիչ ուժերի ու միջոցների՝ ղրղզա-տաջիկական սահմանի զինված միջադեպի վայրից մշտական տեղաբաշխման վայրեր հետքաշելու շուրջ: