Ուկրաինայում ռազմական գործողությունների ակտիվ փուլը կտևի մեկ շաբաթ, գուցե և ավելի. Զելենսկու գրասենյակ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը կանխատեսում է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների ակտիվ փուլը կտևի «մեկ շաբաթ, գուցե և ավելի»։
Այս մասին նա ասել է UA հեռուստամարաթոնի եթերում, հայտնում է unian.net կայքը:
Արեստովիչը նաև ասել է, որ ՌԴ-ն Կիևի մերձակայքում կթողնի զորախմբի մի մասը, որի խնդիրն է լինելու «պահել ուկրաինական զորքերը, թույլ չտալ նրանց տեղափոխել դժվար ուղղություններ»։ Չեռնիգովից զորքերը դեռ դուրս չեն բերվում, հավելել է նա:
Արեստովիչի խոսքով՝ ռուսական զորքերը, որոնք նախկինում տեղակայված էին մայրաքաղաքի մոտ, տեղափոխվում են Դոնբաս՝ ուկրաինական ուժերին շրջապատելու համար: Ինչ վերաբերում է երկրի հարավին, մասնավորապես Խերսոնին, ապա, ըստ Արեստովիչի, ռուսներն այնտեղ պաշտպանական դիրքում են, իսկ Ուկրաինայի զինված ուժերը «մարտավարական ճշգրիտ գործողություններ են իրականացնում»։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին: Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։