Այս գարնանը զորակոչված ՌԴ քաղաքացիները չեն ուղարկվի թեժ կետեր. Շոյգու
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ այս գարնանը զորակոչված ՌԴ քաղաքացիները չեն ուղարկվի թեժ կետեր, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ցանկանում եմ ընդգծել, որ ժամկետային զինծառայողները չեն ուղարկվի որևէ թեժ կետ», - ասել է Շոյգուն երեքշաբթի կայացած ժողովի ժամանակ:
Նա նաև նշել է, որ «անցած տարվա գարնանային զորակոչի բոլոր զինծառայողները ծառայության ժամկետը լրանալուց հետո կտեղափոխվեն պահեստազոր և կուղարկվեն իրենց բնակության վայրեր»։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին: Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։
Ի պատասխան Արևմուտքը սահմանել է նոր հակառուսական պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր, ներառյալ «Սբերբանկ»-ը և ՎՏԲ-ն: Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Կանադան և մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա: