ՌԴ-ն «Իսկանդեր»-ները մոտեցնում է Ուկրաինայի հետ սահմաններին. Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը Բելառուսում տեղակայված «Իսկանդեր» հրթիռային համակարգերը մոտեցնում է Ուկրաինայի հետ սահմաններին։ Այս մասին երկուշաբթի՝ մարտի 28-ին, հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։
«Բելառուսի Հանրապետության Գոմելի շրջանում ֆիքսվել է «Իսկանդեր-Մ» արձակման կայանների տեղաշարժ Ուկրաինայի հետ պետական սահմանի ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նաև Գլխավոր շտաբի ամփոփագրում հաղորդվում է, որ այժմ ռուսական զորքը հիմնական ուժերը կենտրոնացնում է գրաված բնագծերը պահելու և հարձակողական գործողությունների վերսկսմանը նախապատրաստվելու ուղղությամբ։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին: Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։
Ի պատասխան Արևմուտքը սահմանել է նոր հակառուսական պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր, ներառյալ «Սբերբանկ»-ը և ՎՏԲ-ն: Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Կանադան և մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա: