Մի քանի րոպեից կսկսվի ռուսական պատվիրակության հետ բանակցությունների 4-րդ փուլը. Զելենսկու գրասենյակ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմի ավարտի շուրջ բանակցությունների չորրորդ փուլը կմեկնարկի տեսակոնֆերանսի միջոցով, հայտնել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
«Բառացիորեն մի քանի րոպեից կսկսվեն բանակցությունները ռուսական պատվիրակության հետ՝ 4-րդ փուլ, մենք վերջապես կփորձենք նրանց ապացուցել, որ պատերազմի 19-րդ օրն Ուկրաինայի մեծ սխրանքի 19-րդ օրն է, մեր դիրքորոշումները մնում են անփոփոխ՝ խաղաղություն, անհապաղ զինադադար, ռուսական բոլոր զորքերի դուրսբերում, միայն դրանից հետո մենք կկարողանանք խոսել ցանկացած բարիդրացիական հարաբերությունների և քաղաքական կարգավորումների մասին»,- ասել է Պոդոլյակը տեսաուղերձում։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։
Ի պատասխան Արևմուտքը սահմանել է նոր հակառուսական պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր, ներառյալ «Սբերբանկ»-ը և ՎՏԲ-ն: Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Կանադան և մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա: