Պետք է խուսափել իրավիճակի սրացումից և ՌԴ-ի հետ պատերազմի մեջ մտնելուց, հակառակ դեպքում կսկսվի Երրորդ համաշխարհայինը. Բորել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊետք է օգնել Ուկրաինային, բայց պետք է խուսափել էսկալացիայից և Ռուսաստանի հետ պատերազմի մեջ մտնելուց, քանի որ այս դեպքում կսկսվի Երրորդ համաշխարհային պատերազմը, ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Այստեղ մի բան պարզ է. մենք պետք է հնարավորինս օգնենք Ուկրաինային, բայց պետք է խուսափել պատերազմի սրացումից: Պետք է խուսափել պատերազմի տարածումից դեպի այլ երկրներ, պետք է խուսափել Ռուսաստանի հետ պատերազմելուց: Դա կլինի Երրորդ համաշխարհային պատերազմը»,- ասել է Բորելը ֆրանսիական France Info ռադիոյին տված հարցազրույցում։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։