Լուգանսկում նավթային պահեստ է հրթիռակոծվել (տեսանյութեր)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼուգանսկում մարտի 7-ի առավոտյան ուժեղ պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով նավթի պահեստում հրդեհ է բռնկվել։ Համացանցում հայտնվել է հրդեհի տեսանյութը։
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ օբյեկտը գնդակոծվել է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից՝ «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռային համակարգի միջոցով։
Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի (ՔԿ) նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հանձնարարել է քրեական գործ հարուցել Լուգանսկի նավթային պահեստի վրա հրթիռային հարձակման փաստի առթիվ։ Այս մասին հայտնում է գերատեսչության կայքը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։