ՌԴ ԶՈՒ-ն ժամը 10:00-ից հայտարարել է լռության ռեժիմ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Դաշնության զինված ուժերը հայտարարել լռության ռեժիմ և առավոտյան ժամը 10-ից մարդասիրական միջանցքներ են բացել ուկրաինական չորս քաղաքներից՝ Կիևից, Խարկովից, Սումիից և Մարիուպոլից։ Այդ մասին հայտնել են Ուկրաինայում մարդասիրական արձագանքման միջգերատեսչական համակարգող շտաբում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Հաշվի առնելով Կիև, Խարկով, Սումի և Մարիուպոլ քաղաքներում ստեղծված աղետալի հումանիտար իրավիճակը և դրա կտրուկ սրումը, ինչպես նաև Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի անձնական խնդրանքը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, Ռուսաստանի զինված ուժերը հումանիտար նպատակներով 2022 թվականի մարտի 7-ին ժամը 10:00-ից հայտարարում են լռության ռեժիմ և բաց հումանիտար միջանցքներ»,- ասված է հաղորդագրությունում։
Ուկրաինայում հումանիտար միջանցքների բացման մասին ռուսական կողմը ծանուցել է ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համապատասխան կառույցներին, հայտնել են համակարգող շտաբում։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։