Մենք Ռուսաստանի հետ պատերազմ, հակամարտություն չենք ուզում. Սթոլտենբերգ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆԱՏՕ երկրների արտաքին գործերի նախարարները համաձայնեցնելու են «Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման պատասխանը, ինչպես նաեւ խորհրդակցություններ են անցկացնելու երկարաժամկետ հետեւանքների մասին»։ Այս մասին ասել է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Սթոլտենբերգը։
«Մենք աջակցություն ենք ցուցաբերում Ուկրաինային։ Ընդ որում՝ ՆԱՏՕ-ն չի մասնակցում հակամարտությանը։ ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինք է։ Մենք պատերազմ, հակամարտություն չենք ուզում Ռուսաստանի հետ։ Միեւնույն ժամանակ, մենք պետք է համոզվենք, որ թյուրըմբռնում չկա պաշտպանվելու եւ բոլոր դաշնակիցներին պաշտպանելու մեր պարտավորության վերաբերյալ։ Եվ դրա համար մենք ավելացրել ենք ՆԱՏՕ ուժերի ներկայությունը դաշինքի արեւելյան հատվածում։ Դա պաշտպանական ներկայություն է։ Եվ ես ողջունում եմ Միացյալ Նահանգների՝ լրացուցիչ զորքեր հատկացնելու մտադրությունը։ Միշտ հաճելի է ամերիկյան զորքերին դիմավորել Եվրոպայում եւ տեսնել նրանց նվիրվածությունն ու պրոֆեսիոնալիզմը, ինչը տրանսատլանտյան կապերի մի մասն է։
Ես նաեւ ողջունում եմ եվրոպացի դաշնակիցների եւ Կանադայի ներկայության ավելացումը Հյուսիսատլանտյան դաշինքի արեւելյան մասում, ցամաքում եւ օդում»,- նշել է նա։