«Այսօր պատմական օր է Վրաստանի համար». Ղարիբաշվիլին ստորագրել է Եվրամիությանը երկրի անդամակցության հայտը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հինգշաբթի քաղաքացիներին ուղղված հատուկ ուղերձում հայտարարել է, որ ստորագրել է Եվրամիությանը երկրի անդամակցության հայտը։
Վրաստանը ծրագրել էր այս հայտը ներկայացնել 2024 թվականին, սակայն Ուկրաինայում վերջին զարգացումների պատճառով Վրաստանի իշխանությունները որոշել են արագացնել եվրաինտեգրման գործընթացը, գրում է sputnik-georgia.ru-ն։
«Այսօր պատմական օր է Վրաստանի համար, ես երկրի անունից ստորագրում եմ Եվրամիությանն անդամակցելու հայտը»,- ասել է կառավարության ղեկավարը, որից հետո ստորագրել է փաստաթուղթը։
Մի քանի օր առաջ Ուկրաինան ԵՄ անդամակցության հայտ էր ներկայացրել։ Երեքշաբթի Եվրախորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել բանաձևին, որում կոչ է արվում Ուկրաինային ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրել։
Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն կոչ է արել Եվրամիությանը «արտահերթ» դիտարկել Թբիլիսիի հայտը և որոշում կայացնել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ շնորհելու մասին։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։