«Նախ պետք է ավարտել պատերազմը». Եվրահանձնաժողովի նախագահը չի պատասխանել Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության ժամկետի մասին հարցին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իսկապես նամակ է հղել Եվրահանձնաժողովին (ԵՀ)՝ խնդրելով Ուկրաինային թույլ տալ անդամակցել ԵՄ-ին, սակայն նախ պետք է ավարտել պատերազմը: Այս մասին Բուխարեստ կատարած այցի ժամանակ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԵՀ ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, պաշտոնյան խուսափել է պատասխանել ընդունելության հնարավոր ժամկետների մասին հարցին:
«Կասկած չկա, որ խիզախ ուկրաինացի ժողովուրդը, որն իր կյանքով պաշտպանել է մեր արժեքները, պատկանում է եվրոպական ընտանիքին։ Իսկապես, Զելենսկին նամակ է ուղարկել ԵՄ-ին միանալու պաշտոնական խնդրանքով։ Այսպիսով, նա սկսել է գործընթացը: Դա կքննարկվի (ԵՄ) անդամ երկրների հետ, բայց հիմա մեր առաջնային խնդիրը պետք է լինի այս սարսափելի պատերազմի ավարտը»,- ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։
Նա չի պատասխանել լրագրողների ուղիղ հարցին, թե որքան կարող է տևել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության գործընթացը, և արդյոք ԵՄ-ն պատրաստ է աջակցել Մոլդովայից և Վրաստանից ԵՄ-ին միանալու դիմումներին։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։