Բայդենը խոստացել է պատժել Պուտինին Ուկրաինա ներխուժման համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսում իր ելույթում խոստացել է պաշտպանել Եվրոպայում պատերազմով վտանգված ժողովրդավարությունը՝ խոստանալով պատժել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Ուկրաինա ներխուժելու համար, գրում է The Guardian-ը։
Բայդենը մեղադրել է Ռուսաստանի նախագահին դեմոկրատ հարևանի դեմ «կանխամտածված և չհրահրված» ներխուժմամբ «ազատ աշխարհի հիմքերը սասանելու» փորձի համար:
Բայց նա շեշտել է, որ Ռուսաստանի ղեկավարը «վատ է հաշվարկել»՝ թերագնահատելով ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների, այդ թվում՝ հասարակ ուկրաինացիների արձագանքը:
«Նա կարծում էր, որ կարող է մտնել Ուկրաինա, և աշխարհը կշրջվի: Փոխարենը նա հանդիպեց ուժի պատին, որը երբեք չէր պատկերացնում… Պուտինը սխալվեց: Մենք պատրաստ էինք... Երբ բռնապետերը գին չեն վճարում իրենց ագրեսիայի համար, նրանք ավելի շատ քաոս են առաջացնում»,- ասել է Բայդենը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։