Կիևի փողոցներում մարտեր են ընթանում. ՌԴ ԶՈՒ-ն գրավել է Կիևի հիդրոէլեկտրակայանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿիևի հիդրոէլեկտրակայանը գտնվում է Ռուսաստանի զինված ուժերի վերահսկողության տակ։ Սակայն Ուկրաինայի միասնական էներգետիկ համակարգը կայուն է աշխատում։ Այս մասին շաբաթ՝ փետրվարի 25-ին, հայտնել է էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունը, գրում է korrespondent.net-ը։
«Բայց առայժմ կայանը չի աշխատում, անձնակազմը գտնվում է ապաստարանում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է նաև, որ Կիևի ՋԷԿ-6-ն աշխատում է բնականոն ռեժիմով։
Նշվում է նաև, որ ռազմական գործողությունների հետևանքով վնասվել են մի շարք օդային գծեր և ենթակայաններ։
Մինչդեռ փետրվարի 26-ի վաղ առավոտյան Կիևի քաղաքային պետական վարչության պաշտոնական թելեգրամյան ալիքը տեղեկացնում է, որ Կիևի փողոցներում մարտեր են ընթանում, բնակիչները պետք է մնան ապահով վայրերում։
«Մեր քաղաքի փողոցներում այժմ մարտեր են ընթանում, խնդրում ենք պահպանել հանգստություն և լինել հնարավորինս զգույշ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նաև կիևցիներին հորդորել են մնալ ապաստարանում, իսկ տանը գտնվողներին՝ չգնալ պատուհանների մոտ, դուրս չգալ պատշգամբներ, թաքնվել փակ սենյակում:
«Ուկրաինայի զինված ուժերը Կիևից դուրս են մղում դիվերսիոն-հետախուզական խմբերը: Մարտերը շարունակվում են»,- Facebook-ում հայտնել է պատգամավոր Մարյանա Բեզուգլայան:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։