Ֆրանսիան դեսպանատունը հսկելու համար էլիտար ստորաբաժանում է ուղարկել Կիև
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիան Ուկրաինայի մայրաքաղաք է ուղարկել ոստիկանության էլիտար ստորաբաժանում՝ Կիևում դեսպանատան պաշտպանության համար։ European Pravda-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է AFP գործակալությունը՝ հղում անելով անվտանգության ծառայության աղբյուրներին։
Գործակալության տվյալներով՝ Կիև է ժամանել ժանդարմերիայի էլիտար ստորաբաժանման ութ հոգուց բաղկացած խումբ։ Ժամանել են նաև անվտանգության ութ աշխատակիցներ, բացի ժանդարմերիայի էլիտար ստորաբաժանման (GIGN) հինգ անձնակազմից, որոնք մշտապես գտնվում են դեսպանատանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆրանսիան Ուկրաինային կտրամադրի 300 մլն եվրո օգնություն և ռազմական տեխնիկա։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։
«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 05:00-ից (Երևանի ժամանակով 07:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։