Կիևում օդային տագնապ է հայտարարվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿիևում փետրվարի 25-ի առավոտյան օդային տագնապ է հայտարարվել: Ինչպես գրում է korrespondent.net-ը, այս մասին տեղեկացնում է Կիևի քաղաքային պետական վարչությունը։
«Ուշադրություն, օդային տագնապ է հայտարարված, անմիջապես շարժվեք մոտակա ապաստարան»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ուրբաթ տեղի ժամանակով առավոտյան 4:22-ի սահմանում Կիևում մի քանի պայթյուն է լսվել քաղաքի տարբեր հատվածներում։
Ըստ աղբյուրի՝ գիշերը քաղաքի երկնքում հակառակորդի թռչող սարք է խոցվել. դրա մասերը հարվածել են բնակելի շենքին։
Ուկրաինայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ այսօր ռուսական զորքերը կփորձեն գրոհել Կիևը։
Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն հայտնել է, որ ռուսական զորքերը պատրաստվում են փետրվարի 25-ին հարձակվել Կիևի վրա:
«Ամենադժվար օրը կլինի այսօր: Թշնամու ծրագիրն է Իվանկովից և Չեռնիգովից տանկային շարասյուներով ճեղքել մինչև Կիև»,- գրել է նա՝ հավելելով, որ «ռուսական տանկերը հիանալի այրվում են», երբ խոցվում են «Ուկրաինայի դաշնակիցների նվերներով (նկատի ունի Արևմուտքից ստացած զինատեսակները-Tert.am)»:
Մինչդեռ Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբը հայտնում է, որ զինվորականները մարտեր են մղում Դիմեր և Իվանկով բնակավայրերի տարածքներում, որտեղ մեծ թվով հակառակորդի զրահամեքենաներ են կուտակվել։
Ըստ աղբյուրի՝ Ուկրաինայի ԶՈՒ-ն Իվանկովոյի մոտ Տետերով գետի շրջադարձին կանգնեցրել է հակառակորդի առաջխաղացումը, գետի վրայով անցնող կամուրջը ոչնչացվել է։ Հաղորդվում է նաև, որ հակառակորդը ավիահարված է հասցրել Կրոպիվնիցկի քաղաքի մոտ գտնվող ստորաբաժանումներին։
Նշվում է, որ Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերը պաշտպանում են Կիևի երկինքը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է ժողովրդին՝ հայտնելով, որ մեկ օրում զոհվել է 137 ուկրաինացի, ավելի քան 300 տուժած ունեն։
«Վերջին տվյալներով, փետրվարի 24-ին զոհվել է Ուկրաինայի 137 քաղաքացի, այդ թվում 10 սպա, 316 հոգի վիրավորում է ստացել»,- ասել է Զելենսկին:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։