Դավիթ Տոնոյանը շարունակում է պահանջել հրապարակային դատավարություն
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՊաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը շարունակում է պնդել և պահանջել բաց և հրապարակային դատավարություն, որը դռնփակ ռեժիմով է անցկացվում դատավոր Մանվել Շահվերդյանի անհիմն որոշմամբ: Զենքի մատակարար, «Պատրոն Դավո» մականունով հայտնի Դավիթ Գալստյանը, պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու այլ բարձրաստիճան զինվորականներ, հիշեցնենք, շարունակում են մնալ կալանքի տակ, իսկ դատարանը հրաժարվում է դռնբաց դատական նիստ գումարել՝ խախտելով կալանավորվածների իրավունքները։
1or.am-ը բազմիցս է գրել այս գործի անհեթեթության վերաբերյալ, թե ինչպես են մարդկանց հալածում ու պահում անազատության մեջ՝ այդպես էլ չապացուցելով նրանց մեղքը։ Օրեր առաջ նշանակված դատական նիստը չի կայացել, պատճառաբանել են, թե դատավորը հիվանդ է։ Փաստացի, Դավիթ Տոնոյանին, Դավիթ Գալստյանին և մյուսներին հանիրավի պահում են անազատության մեջ, բացառապես Նիկոլ Փաշինյանի քմահաճույքով, որպեսզի վերջինս կարողանա քավության նոխազ գտնել և պատերազմում կրած պարտության մեղքը դնել այլոց ուսերին։
«Հաստատապես շարունակում ենք պնդել, որ քրեական գործի նյութերում չկան պետական և ռազմական գաղտնիք պարունակող տեղեկություններ, որոնք կրում են «հույժ գաղտնի» դրոշմը, իսկ հետազոտվելիք նյութերը առավելապես ծառայողական գաղտնիք պարունակող նյութեր են»,- նշում են փաստաբանները՝ հավելելով, որ դատավորը նույնիսկ որևէ միջոց անգամ չի գործադրել համապատասխան գերատեսչությունից պարզելու՝ քրեական գործում առկա է արդյո՞ք օրենքով պահպանվող գաղտնիք, թե ոչ։
Սարգիս Գասպարյան