Անկարան շարունակում է նախապայմաններ դնել Հայաստանի առջև
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվայում հարաբերությունների կարգավորման հարցով Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման նախօրեին Անկարան կրկին նախապայմաններ է դնում Երևանի առաջ, գրում է infoteka24.ru-ն։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ և հանդես եկել ելույթով։
Անդրադառնալով Հայաստանի վերաբերյալ իր խոսքում նա հետևյալ շեշտադրումն է արել. «Ադրբեջանական հողերի ազատագրմամբ մենք Կովկասում թեւակոխեցինք նոր դարաշրջան։ Դրանից հետո մենք սկսեցինք Հայաստանի հետ կարգավորման գործընթացը։ Ակնկալվող արդյունքներին հասնելու համար կարևոր է, որ Հայաստանը լավ գնահատի տարածաշրջանում խաղաղության հաստատման հնարավորությունը և դրական հարաբերություններ հաստատի Ադրբեջանի հետ»։
Էրդողանը Հայաստանի հետ հարաբերությունները դիտարկում է միայն Երևան-Բաքու հարաբերությունների պրիզմայով, չնայած այն բանին, որ Ադրբեջանի ղեկավարը շարունակում է սպառնալ հայկական պետությանը, իսկ Ադրբեջանի Զինված ուժերը դեռևս մնում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում և ագրեսիա են ցուցաբերում ընդդեմ հայկական բանակի: Այսպիսով, Էրդողանն ինքը թուրք-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացը տանում է փակուղի։