Ադրբեջանի ԳՇ պետը հանձնարարել է բարձրացնել մարտունակությունը Սեւ լճի ուղղությամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիեւը ստուգել է Լաչինի շրջանում տեղակայված զորամասերը։
Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը, «բարդ կլիմայական պայմաններում ծառայություն իրականացնող անձնակազմի հետ հանդիպման ժամանակ գլխավոր շտաբի պետը մարտունակության հետագա բարձրացման եւ պետական սահմանին մարտունակությունը բարձր մակարդակի վրա պահելու հանձնարարականներ է տվել, այդ թվում «Գարագյոլ լճի» (ՀՀ Սյունիքի մարզի Սև լիճը - խմբ.) ուղղությամբ։ Այնուհետեւ զորամասի անձնակազմի մասնակցությամբ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն, վերլուծվել են 2021թվականի արդյունքները։ Հանդիպման մասնակիցներին ներկայացվել են Ադրբեջանի նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիեւի եւ պաշտպանության նախարարի կողմից ադրբեջանական բանակի առջեւ դրված խնդիրները, ինչպես նաեւ սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ անցկացվող աշխատանքները։ Հանձնարարականներ են տրվել մարտական-ծառայողական գործունեությունը բարելավելու ուղղությամբ»։