ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր մանրամասներ՝ Վանաձորում վարակի բռնկման լուրերի վերաբերյալ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ինչպես օրերս տեղեկացրել էինք, տելեգրամյան օգտատեր Արմեն Բադալյանը գրել էր, որ Վանաձորում կա ծաղիկ հիվանդության բռնկում, որը թաքցվում է Հայաստանի իշխանությունների կողմից: Վերջինիս խոսքով՝ կասկած կա, որ վարակի արտահոսքը եղել է Բաթումի փողոցում գտնվող կենսալաբորատորիայից: Վերջինս պարսպապատ կառույց է, գտնվում է Վանաձորի հենց կենտրոնում՝ դպրոցներին և մանկապարտեզներին մոտ: Քաղաքի բնակիչները խոսում են տարօրինակ ջրծաղիկի մասին, որը տարածվում է խոշոր մոծակների միջոցով։

1or.am-ը կապ հաստատեց Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպության՝ Վանաձորի Բաթումի 3 հասցեում գտնվող մասնաճյուղ՝ ճշտելու տարածված լուրերի հավաստիությունը:

Կենտրոնից մեզ տեղեկացրին, որ Վանաձորում ծաղիկ հիվանդության բռնկում չկա.

«Մեր սովորական ջրծաղկի դեպքերն են, որ միշտ լինում են երեխաների շրջանում, բռնկում չունենք: Ջրծաղիկ ամբողջ հանրապետությունում կա, բայց ոչ կապիկի ջրծաղիկ, այլ մեր սովորական ջրծաղիկն է՝ իր տարեկան նորմային համապատասխան: Դեպքերի քանակը նույնն է, ինչ մնացած տարիներին, շեշտակի ավելացումներ չունենք»:

Մեր դիտարկմանը, թե կասկած կա, որ վարակի արտահոսքը եղել է Բաթումի փողոցում գտնվող իրենց կենտրոնից, որը քաղաքացու բնորոշմամբ կենսալաբորատորիա է, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցը պատասխանեց.

«Մեր կենտրոնը՝ նախկին սանէպիդկայանն է, որը բաժանվել է տեսչական և լաբորատոր մասերի: Մենք համարվում ենք Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպության Լոռի մասնաճյուղը: Շենքը նոր է, վերանորոգված, ունենք նաև հին մասնաշենք: Կատարում ենք նույն հետազոտությունները, ինչ սանէպիդկայանի ժամանակ՝ ջրի, շրջակա միջավայրի, հիվանդների, կորոնավիրուսի՝ ՊՇՌ մեթոդով: Ոչ մի վտանգ չկա մեր հիմնարկից, որովհետև նույն հետազոտությունները, ինչ կատարել են սանէպիդկայանի ժամանակ, հիմա ավելի թարմ, որակյալ սարքավորումներով ենք կատարում: Ոչ մի արտառոց բան մեզ մոտ չկա»:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular