«Սևան» ազգային պարկ»-ի ապօրինի շինությունների ապամոնտաժման աշխատանքները կշարունակվեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ«Սևան» ազգային պարկ»-ի ջրածածկ տարածքներում հայտնաբերված ապօրինի շինությունների ապամոնտաժման աշխատանքները մեկ ամսից կվերսկսվեն։ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ասել է, որ ի տարբերություն նախորդ ապամոնտաժման աշխատանքների այս անգամ «Սևան» ազգային պարկ» ընկերությունը այդ աշխատանքներն իրականացնելու է սեփական տեխնիկայով․ «Չորս հատուկ տեխնիկայի ձեռքբերում ենք իրականացրել և արդեն 1․5 ամսից «Սևան» ազգային պարկը» կունենա համալրված չորս նորագույն տեխնիկայով ավտոպարկ»։
Ըստ նախարարի՝ ապամոնտաժման համար ազգային պարկը կունենա 12 նոր աշխատատեղ և այս անգամ լայնածավալ աշխատանքներն իրականացնելու համար կապալառու ընկերություններին այլևս չեն դիմի։ Սևանի առափնյա հատվածներից նախ դուրս կբերվի հողի բերրի շերտը։ Միջգերատեսչական հանձնաժողովը գույքագրել է շուրջ 1600 միավոր ապօրինի շենք, կցակառույց, պարիսպ, որոնք ենթակա է ապամոնտաժման։ Ռոմանոս Պետրոսյանն ասում է, որ դա, բնականաբար, մեծապես կնպաստի Սևանի ջրերի որակի բարձրացման և էկոհամակարգի վերականգնմանը․ «Եվս երկու տեխնիկա պետբյուջեի միջոցներով կգնենք հաջորդ տարի, Սևանի ափամերձ հատվածները կշարունակենք մաքրել նաև ձմռան ամիսներին։ Ջրածածկ տարածքներից հողի շերտի դուրսբերումն ավելի հեշտ է անել հենց ցուրտ եղանակին»։
Նախարարը նկատեց, որ «Սևան» ազգային պարկ»-ի սեփական ավտոպարկ ունենալը տարիներով քննարկվում էր, սակայն սայլը տեղից չէր շարժվում։
«Վերջնարդյունքում կունենանք 6 հատուկ տեխնիկայով բաղկացած հատուկ ավտոպարկ, որոնք արդեն առանց կապալառուի ներգրավման, առանց մրցույթների, հավելյալ միջոցներ վատնելու մենք կարող ենք մեր սեփական կարողությունների արդյունքում սեփական ռեսուրսներով և սեփական վերահսկողական գործիքակազմով իրականացնելու այդ խնդիրը, ինչը երկար տարիներ մտահոգել է»- ասում է Ռոմանոս Պետրոսյանը։ Տարեսկզբին ապամոնտաժվել էր մոտ երեք տասնյակ շինություն։ Հաշվարկները ցույց են տվել, որ տեխնիկայի վարձակալությամբ Սևանի մաքրման աշխատանքները բավականին թանկ էր արժենում։
Սոնա Գիշյան