Կյանքից հեռացել է հոգեբան Սամվել Խուդոյանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ60 տարեկան հասակում մահացել է հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Խուդոյանը: Մահազդի մասին հայտնում է մանկավարժական համալսարանը, որտեղ Խուդոյանը Կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչն էր։
Անվանի գիտնականը 1982-ին ավարտել է Մանկավարժական համալսարանի հայոց լեզվի և գրականության ֆակուլտետը, իսկ ասպիրանտական կրթությունը շարունակել հոգեբանության գծով: Այդ ուղղությամբ նրա աշխատանքային գործունեության սկիզբը դրվել է հենց հարազատ բուհում՝ սկզբում որպես գիտաշխատող, ապա դասախոս, իսկ մինչ օրս՝ որպես ամբիոնի վարիչ:
Նա դասավանդել է ոչ միայն ՀՊՄՀ-ում, այլև մի շարք բուհերում, դասախոսություններով հանդես եկել աշխարհի մի շարք առաջատար համալսարաններում, անցկացրել բազմաթիվ մասնագիտական վերապատրաստումներ:
Խուդոյանը 1980-ականների վերջերից զբաղվում էր նաև հոգեթերապիայով, մասնավորապես՝ հիպնոթերապիայով, իսկ 1990-ականների կեսերից նաև հոգեթերապիայի ուսուցողական դասընթացներ և թրեյնինգներ է իրականացրել։ 2006 թվականին հեղինակել և կազմակերպել է հայերեն առաջին հոգեթերապևտիկ (ընկճվածության հոգեվիճակի հաղթահարմանն ուղղված) ձայնասկավառակի արտադրությունը։ Նա վարել է նաև հոգեբանական հաղորդաշար։
Պրոֆեսոր Խուդոյանը հեղինակ է հոգեբանության և հոգեթերապիայի հարցերին նվիրված շուրջ 100 գիտական աշխատությունների, հինգ մենագրության, այդ թվում՝ երկու մեթոդական ձեռնարկների։