ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Կառուցողական ու գերազանց»․ ինչպե՞ս են հանձնում Արցախը եվրոպական քավորության տակ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մինչ եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը գերազանց և կառուցողական է գնահատում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած եռակողմ հանդիպումը, Հայաստանի կառավարության տարածած հաղորդագրությունը վկայում է, որ Հայաստանին նորանոր և լրջագույն խնդիրներ են սպասվում։ Ըստ էության, նշվում է, թե հանդիպման արդյունքներով ձեռք է բերվել պայմանավորվածություն 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված համաձայնության համաձայն, մինչև ապրիլի վերջ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծել սահմանների դելիմիտացիայի հարցերով հանձնաժողով, որը օժտված կլինի սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով։ Առանցքային այս դրույթը նշանակում է, որ այդ հանձնաժողովը հստակ գծելու է երկու երկրների միջև սահմանը, բնականաբար ի հաշիվ հայկական կողմի և հօգուտ Ադրբեջանի։

Նշվում է, թե Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը երկու երկրների արտաքին գործերի նախարարներին հանձնարարել են մեկնարկել խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները։ Եռակողմ հանդիպումը տևել է նախատեսվածից շատ ավելի՝ ուղիղ 5 ժամ, և միայն դրանից հետո է եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը դուրս եկել լրագրողների մոտ և կարճ հայտարարություն արել հանդիպման վերաբերյալ։

Ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ էլ Իլհամ Ալիևը որևէ կերպ չեն անդրադարձել հանդիպման արդյունքներին։ Ավելին, ո՛չ Միշելի հայտարարությունում, ո՛չ ԵԽ ամփոփիչ հաղորդագրության մեջ տառ անգամ չի նշվում Լեռնային Ղարաբաղի, նրա կարգավիճակի, արցախցիների անվտանգության և հետագա կյանքի մասին։ Ըստ էության, դեռևս վաղ է որևէ կանխատեսում անել, վաղն օրվա ընթացքում երկու երկրների ղեկավարներն ավելի մանրամասն կներկայացնեն, թե ինչ են պայմանավորվել։

Փաստն այն է, որ այդ հանդիպման ընթացքում որևէ համաձայնագիր չի ստորագրվել, ընդամենը ձեռք է բերվել պայմանավորվածություն։ Որքան էլ եվրոպական կառույցները փորձեն ներկայացնել, թե լուրջ առաջընթաց են գնահատել այս հանդիպումը, հստակ է, որ Հայաստանը լրջագույն խնդրի առջև է կանգնել, և Փաշինյանը կրկին արել է այն, ինչ հարմար է գտել։ Ըստ էության, Հայաստանի քաղաքացիներին մնում է միայն ոտքի կանգնել և պայքարել սարսափելի այն հետևանքների դեմ, որը Հայաստանի գլխին բերել է փաշինյանական իշխանությունը։

Գրիգոր Այվազյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular