ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ հարց լուծեց Բաքվում Հայաստանին վիրավորած ռուսաստանցի պաշտոնյան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, որ ապրիլյան պատերազմի օրերին «աչքի ընկավ» Հայաստանի հանդեպ վիրավորական արտահայտություններով, երեկ Բաքվում Ալիևի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծել են մի շարք հարցեր, որոնք բարդ քննարկումների տեղիք էին տալիս: Թե հատկապես ինչ հարցերի մասին է Ռոգոզինը խոսում՝ պարզ չէ, սակայն այս ֆոնին հատկանշական է, որ Բաքու Ռոգոզինի այցից առաջ ռուսական մամուլի հեղինակավոր պարբերականները գրեցին, որ նա Բաքվում պարզաբանումներ է տալու նաև Հայաստանին մատակարարված «Իսկանդեր»‑ների վերաբերյալ: Ինչպես հայտնի է, Բաքուն բավական դժգոհությամբ ընդունեց Հայաստանի անկախության զորահանդեսին ցուցադրված «Իսկանդեր» հրթիռները, որոնք իսկապես բավական կարևոր սպառազինություն են, և էական թե՛ ռազմական, թե՛ քաղաքական նշանակություն ունեն այն պետության համար, որոնք տնօրինում է այդպիսի հրթիռներ: Արդյո՞ք ՌԴ փոխվարչապետը Բաքվում Ալիևի հետ հանդիպմանը քննարկել է «Իսկանդեր»‑ների հարցը և հենց դա նկատի ունի՝ ասելով, որ Մոսկվան և Բաքուն լուծել են բարդ քննարկումների տեղիք տվող հարցեր: Իհարկե, որևէ կերպ հնարավոր չէ պնդել, որ Ռոգոզինը նկատի ունի նաև այդ հարցի շուրջ առկա փոխհամաձայնությունը կամ փոխըմբռնումը: Բայց ամենևին զարմանալի չի լինի, եթե այդ հարցն առնվազն առկա լինի որևէ առավել շղթայական համաձայնության կամ փոխըմբռնման շրջանակում, որ կայացրել են Մոսկվան ու Բաքուն:

Բանն այն է, որ Ռոգոզինի այցի նախօրեին ռուսական մամուլը գրել էր նաև, որ քննարկվելու է Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական նոր պայմանագրերի հարցը և չի բացառվում, որ Հայաստանին մատակարարված «Իսկանդեր»‑ները այստեղ ունեն էական խթանիչ նշանակություն, և այդպիսով կամ Ռուսաստանն է Բաքվին ստիպել նոր գնումներ կատարել Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրից, որի համար այդ գնումները կարևոր են տնտեսական բարդ վիճակի պայմաններում, կամ էլ Բաքուն է Ռուսաստանին ստիպել իր համար շահավետ գնով մատակարարումներ անել և համալրել ապրիլին որոշակիորեն դատարկված զինանոցը: Բոլոր դեպքերում, Ռոգոզինի հայտարարությունը պաշտոնական Երևանի համար պետք է լինի ուշադրության լուրջ առարկա: Այդպիսին, իհարկե, պետք է լինի ռուս-ադրբեջանական ցանկացած պայմանավորվածություն կամ պայմանավորվածության մասին հայտարարություն, բայց առավել քան պետք է ուշադիր լինել, հատկապես, ռազմաքաղաքական բնույթի այդօրինակ հայտարարությունների հանդեպ: Առավել ևս, որ մեղմ ասած՝ բացառված չէ և այն, որ Մոսկվան Բաքվի հետ սկսի քննարկել «Իսկանդեր»‑ներ նաև Ադրբեջանին մատակարարելու հարցը, ինչի վերաբերյալ, ի դեպ, կասկածներ և մտավախություն հայտնեցին հայաստանյան մի շարք փորձագետներ, երբ Երևանը ցուցադրեց հրթիռներն ու պարզ դարձավ, որ Մոսկվան դրանք մատակարարել է Հայաստան:

Միևնույն ժամանակ, իհարկե, խնդիրը կարող էր լինել և ոչ միայն «Իսկանդեր»‑ը, այլ նաև հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը: Այստեղ ևս Ադրբեջանը ցուցաբերել է դժգոհություն, նույնիսկ այդ երկրի խորհրդարանում հայտարարություններ են հնչել ՌԴ հետ հարաբերությունները որոշակիորեն սառեցնելու մասին: Իսկ հաշվի առնելով Ադրբեջանի տոտալիտար-ավտոկրատ ռեժիմը, խորհրդարանում չէին կարող հնչել Ալիևի համար անկառավարելի հայտարարություններ: Եվ չի բացառվում, որ Ռուսաստանի փոխվարչապետը Բաքվին փորձել է հանգստացնել այդ մասով, հավաստիացնելով, որ հայ-ռուսական միացյալ զորախմբի շուրջ նոր զարգացումները չեն սպառնում Ադրբեջանին: Ռուսաստանի մի քանի պաշտոնյաներ, իհարկե, խոսել են այդ մասին, սակայն, անկասկած, մի բան է ընդհանուր հայտարարությունները, մեկ այլ բան՝ մանրամասն քննարկումները: Կմնա միայն հասկանալ, թե ով ում վրա է թանկ «վաճառել» հայաստանյան հրթիռներն ու միացյալ զորախումբը՝ Մոսկվան Բաքվի, թե Բաքուն՝ Մոսկվայի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular