ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սերժ Սարգսյանի սենսացիոն պատասխանը ԵԱՀԿ Մինսկի խմբին

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Նկարում` Սարգսյանն ու Պուտինը օգոստոսի 10-ի հանդիպման ժամանակ

Այս կիրակի Ստեփանակերտում Հայաստանի մշակույթի գործիչների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը սենսացիոն հայտարարություն է արել: 

Պատասխանելով Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի հարցին, թե ինչով է պայմանավորված Արցախ այցելելու ժամանակահատվածի ընտրությունը (Սարգսյանը աշխատանքային այցով Արցախում էր դեկտեմբերի 8-11-ը), Սերժ Սարգսյանն ասել է, որ ամեն տարի նոյեմբերին ինքը լինում է Արցախում մինչեւ ձմեռ բանակի եւ ժողովրդի կարիքները, դրանց առաջնահերթությունները գնահատելու նպատակով: Նա ընդգծել է, որ այցը որեւէ այլ հանգամանքով պայմանավորված չէ եւշարունակել.

«Բանակցային գործընթաց չկա: Վերջին լուրջ խոսակցությունը Լեռնային Ղարաբաղի խնդրով տեղի է ունեցել օգոստոսի 10-ին: Առաջնագծում հատուկ լարված իրավիճակ չկա, սովորական իրավիճակ է, որ կարելի է ասել, շատ ավելի հանդարտ է, քան մեկ տարի առաջ»:

Սենսացիոն երեք նախադասություն, որոնցով Սարգսյանը պատասխանում է դեկտեմբերի 8-ին Համբուրգում արված ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների արտգործնախարարներ Ջոն Քերիի(ԱՄՆ), Սերգեյ Լավրովի(ԱՄՆ) եւ Ժան-Մարկ Էյրոյի(Ֆրանսիա)`Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին նվիրված հայտարարությանը:

Մինսկի խմբում համանախագահող երկրների ԱԳ նախարարների ծավալուն հայտարարության ամբողջ նպատակը Հայաստանին բանակցություններին վերադարձնելն էր:

Երկու օր անց Սերժ Սարգսյանը հայտարարում է. «Բանակցային գործընթաց չկա»: Կարճ, կոնկրետ: Այսինքն, եթե բանակցային գործընթաց չկա, ինչին վերադառնա Հայաստանը, կամ ինչու ինքը հնադիպի Ալիեւի հետ:

Քերիի, Լավրովի եւ Էյրոյի երկարաշունչ շարադրանքին Ստեփանակերտից հնչած այս պատասխանը ցնցող է: Բայց դա դեռ ամբողջը չէ: Սերժ Սարգսյանն ասում է, որ Լեռնային Ղարաբաղի խնդրով վերջին լուրջ խոսակցությունը տեղի է ունեցել օգոստոսի 10-ին: Ստացվում է` Համբուրգի հայտարարությունը անլո՞ւրջ է:

Սարգսյան-Ալիեւ վերջին հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում, որից հետո որեւէ այլ բարձր մակարդակի հանդիպում չի կայացել: Երկու անգամ տեղի է ունեցել նախարարների մակարդակով հանդիպում, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ մի քանի առանձին հանդիպումներ, համանախագաներն են այցելել տարածաշրջան: Եւ այս ընթացքում ամենալուրջը կարծես թե Լավրովի, Քերիի եւ Էյրոյի վերջին հայտարարությունն էր:

Այդ դեպքում ի՞նչ նկատի ունի Սարգսյանը ասելով, որ Ղարաբաղի խնդրով վերջին լուրջ խոսակցությունը տեղի է ունեցել օգոստոսի 10-ին: Որտե՞ղ է տեղի ունեցել այդ խոսակցությունը, ովքե՞ր են մասնակցել դրան:

«Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակներում այսօր հանդիպում է ունեցել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլին, առկա խնդիրներին և այդ գործընթացն առաջ մղելու հնարավորություններին վերաբերող հարցեր»,-ասվում է օգոստոսի 10-ի ՀՀ նախագահական նստավայրի տարածած մամուլի հաղորդագրության մեջ:

Նույն հաղորդագրության մեջ կան նաեւ Վլադիմիր Պուտինի եւ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքերը, լարտվամիջոցների առաջ արված հայտարարությունները: Չենք կարող ասել իհարկե, թե փակ դռների հետեւում ինչ լուրջ խոսակցություն է տեղի ունեցել Վլադիմիր Պուտինի եւ Սերժ Սարգսյանի միջեւ: Սակայն արարողակարգային հատվածներից կարելի է որոշակի ենթադրություններ անել:

Վլադիմիր Պուտինի խոսքից հետո, որտեղ նա բառ անգամ չի արտասանում ԼՂ խնդրի մասին, Սերժ Սարգսյանը գոհունակություն է հայտնում հանդիպման համար, խոսում ՀՀ-ՌԴ երկկողմ հարաբերություններից, ապա ասում. «Սզբունքորեն, մենք չունենք որևէ լուրջ խնդիր երկկողմ հարաբերություններում, բոլոր հարցերը օպերատիվ կերպով լուծվում են: Վլադիմիր Վլադիմիրի, ես ուզում եմ անձնական երախտագիտությունս հայտնել Ձեզ` Լեռնային Ղարաբաղի խնդրի դիվանագիտական ճանապարհով լուծման գործում Ռուսաստանի կողմից ներդրվող ջանքերի համար: Եվ իհարկե, այստեղ շատ և շատ կարևոր է, որպեսզի իրականացվեն ձեռքբերված պայմանավորվածությունները: Մենք պատրաստ ենք դրան»:

Այնուհետեւ ԶԼՄ-ների առաջ հայտարարության ժամանակ Սերժ Սարգսյանն ասում է. «Բնականաբար, մեր այսօրվա բանակցությունների գլխավոր թեման Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման հարցն էր, Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Դա, նախևառաջ, 1994-1995թթ. հրադադարի ռեժիմի մասին եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ կատարումն է, միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծումը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաքելությունների ընդլայնումը»:

Վերջին լուրջ խոսակցություն ասելով, Սերժ Սարգսյանը Վլադիմիր Պուտինի հետ այս հանդիպումը նկատի ունի:

Իրադարձությունների այսպիսի զարգացման եւ փաստերի հետահայաց վերլուծությունից կարող ենք հետեւյալ պատկերը ստանալ: Ապրիլին զինանադադարի պայմանավորվածության ժամանակ Սերժ Սարգսյանը պայմաններ է դրել`1994-95 թվականների հրադադարի համաձայնագրի անվերապահ կատարում, միջադեպերի հետաքննության մեխանիզմներ եւ այլն: Հետագայում դրանք արտացոլվել են Վիեննայի հանդիպման արդյունքներով արված հայտարարության մեջ: Սանկտ Պետերբուրգում Սարգսյան-Պուտին-Ալիեւ եռակողմ հանդիպման ժամանակ արդեն Վլադիմիր Պուտինը անձնական երաշխիք է տվել, որ այդ պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն:

Այն, որ հայկական կողմը պետք է երաշխիքներ պահանջեր, ակնհայտ էր, քանի որ ադրբեջանական կողմը, որպես կանոն, ամենաբարձր եւ ամենալուրջ շրջապատում արած իր հայտարարությունից հրաժարվելու բարդույթներ չունի: Սերժ Սարգսյանի համար Վլադիմիր Պուտինի անձնական երաշխավորությունը, թերեւս, համոզիչ է թվացել: Հետագայում սակայն պարզվեց, որ դա նույնպես առ ոչինչ է: Կամ Ալիեւը Պուտինի խոսքը դրժելու խնդիր նույնպես չունի, կամ Վլադիմիր Պուտինը առանձնապես ջանք չի գործադրում որ իր երաշխավորածը կատարվի:

Կարծում ենք, երկրորդ տարբերակն ավելի հավանական է: Վլադիմիր Պուտինը փորձում է նաեւ խորամանկել. փոխանակ Ալիեւի նկատմամբ ճնշումներ գործադրելուն, որպեսզի ստանձնած պարտավորությունները կատարի, ԵԱՀԿ ՄԽ արտգործնախարարների հայտարարության միջոցով փորձում է Սերժ Սարգսյանին  ճնշել, որպեսզի առանց դրանց կատարման վերադառնա բանակցությունների:

Արդեն գրել ենք, որ Ռուսաստանը ներկայում ԵԱՀԿ Մինսկի խմբում հատուկ կարգավիճակ ունի, ուստի նաեւ Համբուրգի հայտարարության հեղինակն ու նախաձեռնողը պետք է լիներ: Մյուս երկու երկրների ԱԳ նախարարների անունները, տվյալ դեպքում, շեղող մանյովր էին:

Ահա թե ինչու Սերժ Սարգսյանը Ստեփանակերտից անհամարժեք կարճ եւ կոշտ պատասխանեց այդ հայտարարությանը, այն անվանեց անլուրջ խոսակցություն եւ Վլադիմիր Պուտինին հիշեցրեց իրենց վերջին լուրջ խոսակցության եւ պայմանավորվածությունների մասին:

Եւս մեկ դիտարկում. Համբուրգի հայտարարության մեջ նաեւ թաքնված սպառնալիք կար. «Եթե չհաջողվի առաջընթացի հասնել բանակցություններում, բռնության կրկնության հավանականությունը միայն կաճի, եւ կողմերը դրա համար կրելու են ամբողջական պատասխանատվություն»: «Առաջնագծում հատուկ լարված իրավիճակ չկա, սովորական իրավիճակ է, որ կարելի է ասել, շատ ավելի հանդարտ է, քան մեկ տարի առաջ»,-Ստեփանակերտում նստած չափազանց հանգիստ ասում էր Սարգսյանը`անկարկելով, որ ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքներն էլ չեն կարող իրեն ստիպել վերադառնալ բանակցությունների:

Նյութի աղբյուրն` այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular