ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գոտկատեղից ներքև հարվածներ հասցնելու ժամանակներն անցել են. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները մեկ տանիքի տակ հավաքվելու և 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին համատեղ հանդես գալու մասին հուշագիր ստորագրեցին: Կուսակցությունների հայտարարության մեջ նաև ասվում էր, որ չի բացառվում առաջիկայում կուսակցությունների միավորման մասին նույնպես հայտարարեն: 
«Փաստը» այլ քաղաքական կուսակցություններից փորձեց պարզել, թե ինչ կարծիքի են նոր ձևավորված դաշինքի մասին: 
ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Փաստին» ասաց, որ իր համար ողջունելի է, երբ մեկ ամիս առաջ միմյանց հանդեպ կատաղի պայքար մղող քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներից յուրաքանչյուրը կարողացել է իր մեջ ուժ գտնել, մի կողմ դնել անձնական տարաձայնությունները և ավելի գլոբալ խնդիրներ լուծելու համար միավորվել:
«Վանաձորի ՏԻՄ ընտրությունների ժամանակ կուսակցություններն անցնելով թույլատրելիի և անթույլատրելիի սահմանը, այդուհանդերձ այսօրվա դրությամբ կարողացել են մեկ միասնական օրակարգ ձևավորել: Ես շատ կարևոր եմ համարում Հայաստանում նոր քաղաքական մշակույթ ձևավորելու ցանկացած քայլ: Ընդհանրապես մենք պետք է հասկանանք, որ վիրավորանքը, միմյանց գոտկատեղից ներքև հարված հասցնելը և դիմացինին վարկաբեկելու միջոցով դիվիդենտներ շահելու ժամանակներն անցել են: Ողջունում եմ ցանկացած միավորում, որի նպատակը առկա լրջագույն մարտահրավերները հաղթահարելն է»,– ասաց Ն. Զոհրաբյանը: 
ՀԱԿ վարչության փոխնախագահ Արամ Մանուկյանի կարծիքով՝ երբ կուսակցությունները միավորվում են, դրանից ավելի լավ բան չկա: Հարցին, թե ՀԱԿ–ը կմիանա՞ նոր ստեղծված դաշինքին, Ա. Մանուկյանը պատասխանեց, որ այդ մասին կհայտարարվի ՀԱԿ համագումարի ժամանակ: Նա նաև հույս հայտնեց, որ նոր ստեղծված միավորումը երկար կյանք կունենա:
«Ցանկացած միավորում նորմալ է, եթե նպաստելու է իշխանության փոփոխությանը: Ինչ վերաբերում է առավել լայն համախմբանը, ապա ընտրություններին դեռ չորս ամիս կա և պետք չէ ժամանակից առաջ ընկնել»,– ասաց Ա. Մանուկյանը: 
ՀԴԿ նախագահ Արամ Գասպարի Սարգսյանի կարծիքով, եթե կուսակցությունները նման որոշում են կայացրել, նշանակում է, որ ընտրված ձևաչափը բավարարում է իրենց:
«Ես կողմ եմ ընդդիմադիր կուսակցությունների միավորմանը: Դա շատ լավ երևույթ է: Մենք էլ մեր կողմից ենք փորձում միավորում ստեղծել: Դեռ չեմ կարող ասել ում հետ և ինչպես, սակայն գլխավոր խնդիրը այս համակարգից երկիրն ազատելն է: Եթե այդ գաղափարին կմիանան այլ կուսակցություններ, ապա մենք պատրաստ ենք ցանկացած համագործակցության»,– ասաց Ա. Սարգսյանը
Հարցին, թե արդյո՞ք ՀԴԿ–ն կմիանա ստեղծված դաշինքին, քանի որ ստեղծված դաշինքի նպատակը նույն՝ ներկայի համակարգից երկիրն ազատագրելն է, Դեմկուսի ղեկավարը պատասխանեց, որ՝ դաշինքի անդամների հետ բանակցություններ չի վարում, սակայն, եթե նրանց կողմից առաջարկություն լինի, ապա իրենք այդ հարցը կքննարկեն:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular