ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռոման Ամոյան. այս մեդալի շնորհիվ՝ հավատս ուժերիս նկատմամբ վերականգնվեց

ՍՊՈՐՏ

Եվրոպայի 2016թ առաջնության արծաթե մեդալը 59կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանին վստահություն է ներշնչել իր ուժերի նկատմամբ: Մարզիկն իր վերջին մեդալը նվաճել էր 2013թ աշխարհի առաջնությունում: Այնտեղ նա զբաղեցրել էր 3-րդ տեղը: Armtimes.com-ի հետ զրույցում նա նշեց, որ հենց տեւական անհաջողություններն էին պատճառը, որ մի պահ որոշել էր ավարտել կարիերան, սակայն հիմա այդ մասին բացարձակապես չի մտածում:

«Հավատս ուժերիս նկատմամբ կորել էր, բայց, փառք Աստծու, այս մեդալի շնորհիվ՝ հավատս վերականգնվեց, եւ նախկին եռանդով եւ ուժով նախապատրաստվում եմ Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերին»,-ասաց նա:

Ըմբիշը շատ կցանկանար ոսկե մեդալով վերադառնալ, սակայն արծաթն էլ լավ արդյունք է համարում:

«Բոլոր մարզիկներն առաջին հերթին ձգտում է մեդալի, եթե հնարավորություն է լինում, բնականաբար ձգտում են, ուզում են ամենաբաղձալի մեդալին՝ ոսկե մեդալին, հասնել: Ճիշտ է՝ ինձ մոտ չստացվեց ոսկին նվաճել, բայց արծաթն էլ ազնիվ մետաղ է, եւ 3 տարի անընդմեջ վատ մասնակցություններից հետո, փառք Աստծու, կարողացա նվաճել այս մեդալը, ինչի համար շատ ուրախ եմ»,-ասաց նա:

Ռիո 2016-ում հնարավոր արդյունքների մասին Ռոման Ամոյանը դեռ չի մտածում: Այս պահին նրա համար ամենակարեւորը մասնակցության իրավունք ստանալն է:

«Առաջնայինը վարկանիշը նվաճելն է, մնացածը ժամանակը ցույց կտա»,-ասաց նա:

Ռիգայում մարտի 8-13-ը տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում մինչեւ եզրափակիչ հասնելն Ամոյանը 1/8 եզրափակչում 9:0 հաշվով առավելության էր հասել Իվան Լիզատովիչի նկատմամբ, քառորդ եզրափակչում 13:6 հաշվով հաղթել էր Իրակլի Շավաձեին, իսկ կիսաեզրափակչում՝ 4:0 հաշվով Դմիտրո Ցիմբալյուկին: Եզրափակչում նա ուժերը չափեց Մինգիյան Սեմյոնովի հետ եւ պարտվեց 0:8 հաշվով:

Ռոման Ամոյանը Եվրոպայի առաջնությունների եզրափակիչներին մասնակցել է 6 անգամ, 2 անգամ հաղթող է դարձել, մյուս գոտեմարտերում ոսկին զիջել է մրցակիցներին: Վերջին անգամ նա Եվրոպայի առաջնությունում գոտեմարտել էր 2011 թվականին եւ չեմպիոն դարձել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular