ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կամելիազարդ տիկինը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինչպես ասում էր ժամանակին Անանուն Իմաստասերը. «Լավ կլիներ աշխարհի բանը և բոլորիս բանը, եթե ամեն մարդ իր գործով զբաղվեր»։ Անանուն Իմաստասերից անցել են բազում տարիներ, սակայն քաղաքական իրականությունն իր ձևի մեջ մնացել է նույնը։

Գաղտնիք չէ, որ քաղաքականության մեջ, հավասարաչափ կիրառելի են միտքն ու ռեսուրսները։ Այս առումով բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել ԲՀԿ շուրջ։ Ժամանակին, կուսակցությունը համարվում էր բուրժուադեմոկրատական շերտերի խտացնող կառույց հայկական իրականության մեջ։ Հենց դա ի նկատի ուներ նաև հիմնադիր նախագահը, երբ երկու ուժերը համագործակցում էին։ Սակայն ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ, երբ կուսակցության մեջ առաջատար էշելոնի դեր սկսեց խաղալ տիկին Զոհրաբյանը։ Ի դեպ, վերտառության մեջ առկա պատվանունի հետ մենք կապ չունենք, քանզի այդ կոչումը նրան տվել են ՀՀԿ-ական գործընկերները՝ խորհրդարանական մի բանավեճի ժամանակ։

Իսկ այժմ գանք ըստ էության։ Այսօր, կուսակցությունը, որը ժամանակին ուներ բազմաթիվ ռեսուրսներ և գրասենյակներ Հայաստանի քիչ թե շատ նշանավոր բոլոր համայնքներում, հայտնվել է կոլապսային վիճակում։ Շատ նշանավոր և ռեսուրսների տիրապետող գործիչներ, ովքեր դուրս էին գալիս կուսակցությունից, չէին զլանում հերթական անգամ հիշատակել պատվարժան տիկնոջ վարած քաղաքական գիծը։ Անհասկանալի մոնոլոգներով և քաղաքական դիմագծով առաջնորդվող այս գործիչը, որը գործում է պահի ազդեցության տակ, անհեռանկար հանգրվանի է հասցրել իր և իր կուսակցության քաղաքական հետագիծը։ Այստեղ չենք սպառնա դիտարկումներ անել նրա հռետորաբանության և դրա շուրջ եղած հասարակական ընկալումների մասին։ Դրանց վերաբերյալ, հայաստանյան քաղաքական դաշտին քիչ թե շատ ծանոթ յուրաքանչյուր ոք, ունի իր հստակ ձևակերպած կարծիքը։

Դիտարկումներ անելիս մենք պետք է առաջնորդվենք հստակ քաղաքական վարքագծով և կոնկրետ քաղաքական քայլերով։ Սակայն նրա պարագայում, որևէ քայլ անվանել քաղաքական, բավականին դժվար է։ Քանի որ գործում է կանացի նեղացվածության սկզբունքը՝ Սասնա Ծռերի դրվագային մոտեցումների օրինակով, և եզրափակվում է նախկին կոալիցիոն ընկերների վրա ցեխ շպրտելով, որը մեղմ ասած, հեռու է ռացիոնալ քաղաքական հաշվարկ կոչվելուց։ Այս ֆոնին, եթե նայում ենք ելույթների հռետորաբանությունը, որոնց մեջ չկա որևէ տեսլական, ուղենիշ կամ հստակ արծարծված միտք, այս կամ այն իրողության վերաբերյալ, ապա առավել հստակ է դառնում այն հանգամանքը, թե ի՞նչ գործոնների, տվյալ պարագայում ի՞նչ գործոնի շնորհիվ է այսօր ԲՀԿ-ն կանգնած կործանման եզրին։

Այս կուսակցության սպասվելիք համագումարին ընդառաջ, շատ օրինաչափ կլինի, եթե կուսակցության մեջ մնացած հիմնական խմբերը փորձեն միավորվել և տիկնոջ գերիշխանությունից դուրս բերել կուսակցությունը։ Դա նախ և առաջ ի շահ կծառայի հենց կուսակցությանը։ Սա ակնհայտ է, քանի որ չկոմնորոշված քաղաքական ուղեծրով և անհասկանալի հետագծի քայլերով չես կարող տեղ ունենալ քաղաքական դաշտում։ Տիկին Զոհրաբյանը, տարիների ընթացքում ապացուցել է այս հանգամանքը, սկսած դրվագային քայլերից և ԱԺ ամբիոնից ունեցած անհասկանալի ելույթներով, վերջացրած ԵՎԽԽ նստաշրջաններում բարձրախոս անջատելով։

Կսահմանափակվե՞ն նրա ունեցած ու չհիմնավորված իրավունքները ԲՀԿ ներսում, դա կծառայի միայն ի բարօրություն այդ կուսակցությանը, չե՞ն սահմանափակվի, դա կնշանակի կայացած քաղաքական կառույցի կազմաքանդման շարունակություն։

Վահրամ Թոքմաջյան

Past.am, վերլուծաբան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular