ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փաշինյանի տերերից մեկն էլ Թուրքիան է. ՀՀ իշխանությունը գործում է ոչ թե՝ Հայաստանի ու հայ ժողովրդի շահերից ելնելով, այլ՝ իրենց հավաքագրած տերերի». Քաղաքագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի 44-օրյա պատերազմից և նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրից հետո  Ադրբեջանի նախագահ Ալիևը՝ Նիկոլ Փաշինյանին անձնական վիրավորանքներ հասցնելու հետ միասին, նաև հոխորտում է, թե Հայաստանին կստիպեն կատարելու իրենց պահանջները, նախ՝ կյանքի կոչելու նոյեմբերի 9-ի համաձայնագրում եղած կետերը, այնուհետև՝ Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը:

«Պատերազմի հետևանքներից մեկը, իհարկե, Զանգեզուրի միջանցքն է, որն այսօր քննարկման առարկա է դարձել: Զանգեզուրի միջանցքը պատմական նվաճում է: Այն փաստը, որ այս հարցն արտահայտված է եռակողմ հայտարարության մեջ, մեզ համար քաղաքական մեծ հաղթանակ է: Ներկայում ակտիվ աշխատանքներ են տարվում Զանգեզուրի միջանցքի գործունեության ուղղությամբ, կան բազմաթիվ առաջարկներ, տրանսպորտային և կապի բազմաթիվ նախագծեր արդեն իսկ քննարկվում են, և դա մեր հաջորդ պատմական հաջողությունը կլինի»,- ասել է Ալիևը։

Այդ հայտարարությունից առաջ էլ Ալիևը  հայտարարել է, որ «ԼՂ հակամարտությունն ավարտվել է, տնտեսական կազմակերպություններին հրավիրում է Ադրբեջանի պատմական մաս հանդիսացող Զանգեզուրի միջանցքը շահագործելու»։

Մինչ Հայաստանի իշխանությունները զբաղված են ԱԺ դարպասները զոդելով, դիպուկահարներ այս ու այն շենքում տեղակայելով, գաղտնալսումներով, հանրահավաքներ-ֆեյսբուքում լայվեր անելով, առանձին գործիչների դեմ քրեական գործեր կարելով, ֆեյքեր ու սատանաներ փնտրելով՝ Ադրբեջանի ղեկավարությունն աստիճանաբար օկուպացնում է ամբողջ Սյունիքը և հայտարարում «Ադրբեջանի պատմական մաս»։

168.am-ի հետ զրույցում Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ  Գագիկ Հարությունյանն ասաց, որ ՀՀ իշխանությունները որևէ քայլ չեն անում, որևէ պատասխան չեն տալիս Ադրբեջանին, քանի որ Հայաստանն այսօր օկուպացված երկիր է, որի ղեկավարությունը հանդիսանում է անձանց լիովին հավաքագրածների ներկայացուցիչներ։

«ՀՀ իշխանությունը գործում է ոչ թե՝ Հայաստանի ու հայ ժողովրդի շահերից ելնելով, այլ՝ իրենց հավաքագրած տերերի շահերով։ Բնականորեն, այդ տերերն այսօր ուզում են բավականին ուժեղացնել Թուրքիային, նույն Նիկոլ Փաշինյանի տերերից մեկն էլ Թուրքիան է։ Նրանց խնդիրն այն է, որպեսզի վերացնեն Իրան-Հայաստան-Ռուսաստան առանցքը՝ զուգահեռաբար աշխատանքներ տանելով նաև Հունաստանի դեմ։ Այս ամենի համատեքստում, բնական է, որ ՀՀ իշխանությունը համաձայնում է, որպեսզի օկուպացվի ոչ միայն Արցախը՝ իր ֆիզիկական ու ռազմական ուժով, այլև Հայաստանը՝ տնտեսական ու աշխարհաքաղաքական մեթոդներով։ Առհասարակ Ադրբեջանի ու Թուրքիայի քաղաքականությունը Զանգեզուրի նկատմամբ հետապնդում է այդ նպատակը։ Այսինքն՝ նրանք ծառայում են ոչ թե Հայաստանի շահերին, այլ Թուրքիայի ու Ադրբեջանի շահերին, դրա համար էլ, բնականաբար, չեն արձագանքում Ադրբեջանից եկող հոխորտանքներին»,- նշեց Գագիկ Հարությունյանը։

Ըստ քաղաքագետի՝ Թուրքիան ու Ադրբեջանը շատ լավ տիրապետում են հոգեբանական, տեղեկատվական մեթոդներին, և այն ամենը, ինչ ասում է Ալիևը՝ ուղղված է ոչ թե Հայաստանի իշխանություններին, այլ ժողովրդին, որպեսզի ստեղծվի այնպիսի տպավորություն, որ եթե Ալիևի ասածը չանեն, ապա կգան ու բոլորին կոչնչացնեն։

«Կարծում եմ՝ իրողությունները մի քիչ այլ են, քանի որ այսօր Արցախում տեղակայված են ռուսական զինված ուժերը՝ խաղաղապահները, և այս պլացդարմը, որը կա դեռ, մնացել է, գտնվում է Ռուսաստանի պաշտպանության տակ։ Միևնույն ժամանակ պետք է հասկանանք, որ ռուսական ներկայությունն էլ հաստատուն ու մշտական չէ, մենք պետք է ինքներս պատրաստվենք այս խնդրին, որովհետև պետք է իմանանք, որ նրանք այդ խնդիրներն ունեն։ Թուրքիան հանդիսանում է նեոլիբերալ տոտալիտարիզմի իշխողների համար  «կծան շուն», որը բաց են թողնում նրանց համար, որոնք ցուցաբերում են անհնազանդություն»,- հավելեց Գագիկ Հարությունյանը։

Նա նաև շեշտեց, որ այսօր Ռուսաստանում շատ լավ գիտեն, թե ովքեր են ՀՀ կառավարման ղեկին կանգնած մարդիկ, այն մարդիկ են, որոնք ժամանակին տարբեր վատ խոսքերով վատաբանում էին Ռուսաստանն ու նրա ներկայիս նախագահին։

«Մեծ իմաստնություն պետք չէ հասկանալու համար, որ այս ամենը Փաշինյանի ներշնչած խոսքերն են, թե Ռուսաստանը Հայաստանի հետ խնդիրներ չունի, և այլն։ Ռուսաստանն Արցախ մտավ ոչ թե նրա համար, որ Փաշինյանը կամ Արցախի նախագահն իրենց դաշնակիցներն են, այլ որպեսզի փրկեր Հայաստանը, ինչպես արել էր 200 տարի առաջ»,- եզրափակեց Գագիկ Հարությունյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular