ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Կի­սա»-նե­րի պերճանքն ու թշվառությունը. բացառիկ «հրա­շա­գործության» ծանր հետևանքները․ «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Կենդանիների աշխարհում» հաղորդաշար կա, որն ինչպես շատ շատերին, այդ թվում՝ նաև ինձ, մանկուց հետաքրքիր է եղել նայելը։ Առանձնակի ուշադրությամբ նայում եմ առյուծների որսի տեսարանները, բայց երբեք մինչև վերջ չեմ նայում բորենիների, կամ, ինչպես սիրում ենք նրանց անվանել, շակալների որսը։ Դե, առանձնապես հետաքրքիր բան չկա, ավելին՝ նյարդայնացնող է։ Անցնող շաբաթվա ԱԺ նիստերում Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը պատասխանում էր պատգամավորների հարցերին, իսկ եթե ավելի դիպուկ նկարագրենք՝ տոտալ հարձակման էր ենթարկվել «Իմ քայլը» խմբակցության կողմից։ Տեսարանը տհաճ էր ու հիշեցնում էր «Կենդանիների աշխարհը», նայց... բորենիների որսը:

Այդ հակաքաղաքական տեսարանի առաջին իսկ հարցից պարզ դարձավ, թե Նիկոլ Փաշինյանը Պառլամենտն ու պառլամենտարիզմը պախարակող հերթական ինչպիսի բեմականացում է նախատեսել։ Նպատակս Ռուբեն Վարդազարյանին պաշտպանելը չէ, քավ լիցի, մարդն իրեն արժանապատվորեն կարողացավ պաշտպանել, այլ այն, որ ցույց տամ, թե ինչպիսին չպիտի լինի պառլամենտական երկրի իշխող ուժի խմբակցությունը։ Ի դեպ, արդեն հինգշաբթի առավոտյան Հատուկ քննչական ծառայության հարցաքննության կանչվեց Ռուբեն Վարդազարյանի կինը։ Այսինքն, Նիկոլ Փաշինյանի ձեռագիրը չի փոխվում, հո զոռով չի։ Մարդը շարունակաբար, հերթականությամբ, ըստ իր քիմքի, նսեմացնում և քանդում է պետական կառույցներն ու ինստիտուտները։ Սահմանադրական դատարանը պարալիզացնելուց հետո, կարծես, հերթը ԲԴԽ-ինն է։ Ինչևէ, վերադառնանք խորհրդարան։ Հերթական անգամ ինձ մոտ կրկին նույն հարցն առաջացավ, որի մասին միշտ ցանկացել եմ գրել։

Այսպիսով, հարցը՝ Նիկոլ Փաշինյանին ինչպե՞ս է հաջողվել քաղաքական 0-ական IQ-ով այսքան միանման մարդկանց հավաքել մի «կտուրի» տակ։ Ինձ մեկ-մեկ թվում է, որ պետք է առնվազն հրաշագործ լինես, որ նման ոսկերչական ճշգրտության գործ անես։ Բայց ոչ, կախարդ լինելու մեջ չէ գաղտնիքը։ Այն ավելի պարզ է։ Կարծում եմ՝ դա մոտավորապես հետևյալ կերպ է եղել։ Ասենք, «բեսեդկայում» նստած են եղել, Նիկոլն առաջարկել է նախընտրական ցուցակում ներառել իր որևէ հարազատի կամ մտերիմի, Աննան էլ, թե՝ բա «իմ ախպերն ինչով է պակաս»: Նիկոլն էլ՝ հարց չկա։ Հետո ելույթով հանդես է եկել մերձակա մի քայլող և առաջարկել ցուցակում ներառել իր որևէ կուրսեցու։ Նիկոլն էլի՝ հարց չկա։ Հետո սկսել են չափել քայլերի քանակը: Հետո գալիս են «սորոսականները»: Գուցե՝ ոչ հետո, բայց դա էական չէ...

Ու այդպես լրացրել են ցուցակը: Միայն այդպես էլ հասկանալի չէ, թե ո՞վ է առաջարկել Հովիկ Աղազարյանին։ Իսկ եթե քաղաքական բառամթերքով խոսենք, ապա իրականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանն իր շուրջն է հավաքել կիսապատգամավորներ, կիսանախարարներ, կիսամարզպետներ և այլն։ Առիթ եղել է ասելու, հիմա էլ կրկնեմ՝ Նիկոլը դա արել է հատուկ, մտածված, որովհետև այս կիսապաշտոնյաները ի վիճակի չեն անելու այլ բան, քան հլուհնազանդ հրահանգներ կատարելը։ Մյուս կողմից էլ՝ Նիկոլն ավելի լավերին չէր կարող գտնել, քանի որ ինքն էլ է միշտ եղել կիսա...։ Նա կիսաուսանող է եղել, կիսալրագրող, կիսախմբագիր, կիսապատգամավոր։

Իսկ որպես վարչապետ նա ընդհանրապես գոյություն չունի։ Եվ այս կիսամարդիկ ռեկորդային կարճ ժամանակահատվածում Հայաստանը դարձրին հակապետություն։ Նրանք ամեն օր ապացուցում են, թե ինչպիսին չպետք է լինի պետությունը և իշխանությունը։ Իսկ Նիկոլն իր ողջ պերճանքով և թշվառությամբ ցույց է տալիս, թե ինչպիսին չպիտի լինի երկրի ղեկավարը։ Ինչևէ... ԱԺ-ում և առհասարակ պետական-հանրային կյանքում տեղի ունեցող գործընթացները վաղուց անցել են քաղաքական վամպիրների վակխանալիայի թույլատրելի սահմանները։ Հիմա գնում է հետհաշվարկը՝ կա՛մ դու թուլանում ու սկսում ես այլևս հաճույք ստանալ վամպիրից, որն ամեն օր ինչ-որ չափաբաժնով արյուն է խմում քեզանից, կա՛մ անում ես այն, ինչ կաներ նորմալ պետությանը բնորոշ գիտակից քաղաքացին։

Անի Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular