ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ բարդությունների կարելի է բախվել ներարգանդային պարույր օգտագործելու դեպքում

ՖՈՏՈ

Ներարգանդային պարույր օգտագործելու դեպքում լուրջ բարդություններ հազվադեպ են գրանցվում: Գիտնականները վերջերս նկարագրել են անսովոր դեպք, երբ T-տեսքով պղինձ պարունակող պարույրը, որը կինը օգտագործել է ն 10 տարի, ծակել է արգանդը եւ միզապարկի պատը: Պարույրի այն հատվածում, որն արդեն թափանցել է միզապարկի մեջ, միզաքար է առաջացել:

Նման դեպքերն, իհարկե, հատուկենտ են: Իսկ ի՞նչ բարդությունների ավելի հաճախ կարող են հանդիպել պարույր օգտագործող կանայք:

Պարույրի տեղաշարժ

Ինչպես պատմում է Medportal.ru-ն, պարույրի տեղաշարժը («վտարում»), այսինքն արգանդից դրա դուրս գալը, տեղի է ունենում դեպքերի 2-10%-ում: Այդ իսկ պատճառով կանանց խորհուրդ է տրվում պարբերաբար ստուգել՝ արդյոք ներարգանդային պարույրը տեղում է: Դա արվում է դաշտանների միջեւ ընկած ժամանակահատվածում՝ մատով արգանդի վզիկին հասնելով, պետք է զգալ պարույրի բեղիկները, համոզվել, որ դրանք տեղում են եւ դրանց երկարությունը մնում է նույնը, ինչ նախկինում էր:

Եթե բեղիկները չկան, կամ արգանդի վզիկի մեջ զգացվում է պարույրի պլաստիկ մասը, հնարավոր է, որ այն տեղաշարժվել է: Խորհուրդ չի տրվում այն ինքնուրույն տեղը գցել, պետք է դիմել մասնագետի:

Արգանդի պատի ծակում

Պարույրը տեղադրելիս արգանդի պատը ծակելը շատ հազվադեպ բարդություն է, որը գրանցվում է դեպքերի մոտ 0,1%-ում: Արգանդի պատը ծակելու մասին կարելի է կռահել պարույրը տեղադրելու ժամանակ սուր ցավից, որը պետք է անհապաղ հայտնել բժշկին: Եթե ցավն ավելի ուշ է առաջացել, նույնպես խորհուրդ է տրվում դիմել բժշկի:

Փոքր կոնքի վարակներ

Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության (NHS) տվյալների համաձայն, ներարգանդային պարույրի տեղադրման հետ կապված վարակների ռիսկը բավական ցածր է: Դրանց զարգացման հավանականությունը կտրուկ նվազում է պարույրն օգտագործելու քսաներորդ օրը: Սակայն ավելորդ չի լինի վարակները ստուգել պարույրի տեղադրումից առաջ:

Հղիություն

Հակաբեղմնավորման ոչ մի մեթոդ հղիության դեմ 100% պաշտպանություն չի ապահովում: Պղինձ պարունակող պարույրի օգտագործման մեկ տարվա ընթացքում հղիության ռիսկը մոտավորապես 0,8% է կազմում: Համարվում է, որ հորմոնալ պարույրները ավելի հուսալի պաշտպանություն են ապահովում:

Արտարգանդային հղիություն

Ըստ որոշ տվյալների՝ ներարգանդային պարույրի օգտագործման դեպքում էկտոպիկ կամ արտարգանդային հղիության ռիսկը կարող է մի փոքր մեծանալ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular