ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկ Մարությանը վերջնականապես հեռանում է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Այսօր Հայաստանում իրավիճակը շատ պարզ է. կան սպիտակ ուժեր և կան սև ուժեր, վերջ։ Ես ուզում եմ պաշտոնական հայտարարել, չնայած գիտեք, բայց պետք է ասեմ, այո′, մենք սպիտակ ուժերն ենք, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն ուզում, որ մենք հաջողություն ունենանք, ես կարող եմ ասել, որ սև ուժերն են…»:

2018թ. սեպտեմբերին այս հակաքաղաքագիտական պառակտող խոսքերը հնչեցին այդ ժամանակ Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի շուրթերից: Սևի ու սպիտակի բաժանման հիմքը դրվեց այս հայտարարությամբ, ինչը նաև հետո ամրապնդվեց Նիկոլ Փաշինյանի կողմից, երբ նա պաշտպանեց Հայկ Մարությանի տեսակետը ու նաև աշխատեց այդ տրամաբանությամբ: Հայկ Մարությանը ընտրվեց Երևանի քաղաքապետ 80 տոկոս վստահության քվեով: Իհարկե, չափազանց վիճելի է, թե եթե Հայկ Մարությանի փոխարեն լիներ Նիկոլի ուսապարկը կամ սելֆիի ձողը, նույնքան ձայն կհավաքեի՞ն նշված իրերը, թե ոչ / ՔՊ խոսնակի ականջը կանչի/:

Այդուհանդերձ Հայկ Մարությանը, որպես Երևանի քաղաքապետ, այս 2.5 տարիների ընթացքում ոչ մի բանով աչքի չընկավ: Պարզ բան է՝ ինքներդ ձեզ հարց տվեք՝ ի՞նչ է փոխվել կամ ավելացել Երևանում այս տարիների ընթացքում: Հայկ Մարությանը դերասան է, ազատ գրաֆիկով ողջ կյանքն ապրած մարդ, նման ծավալի խնդիրների երբևէ չհանդիպած մարդ: Ի վերջո՝ ո՛չ քաղաքական, ո՛չ հասարակական գործիչ է, ո՛չ քաղաքական պատասխանատվության կրող է, հետևաբար ի՞նչը պիտի լիներ այն մոտիվը, որը կստիպեր Հայկ Մարությանին իրապես աշխատել քաղաքապետի պաշտոնում և շոշափելի արդյունքներ արձանագրեր: Չկա նման մոտիվ, պարզապես չկա: Մարդը ամեն ինչ անում է կա՛մ արձակուրդ գնալու, կա՛մ գործից թռնելու համար:

Որտե՞ղ եք տեսել որևէ քաղաքապետ տարվա մեջ 4-5 անգամ արձակուրդ գնա, կամ Կոռոնավիրուսով չվարակվելու պատրվակով ինքնամեկուսանա, գրեթե չշփվի աշխատակիցների հետ, ու առհասարակ քաղաքական թիմի հետ այսքան ոչ սինքրոն գործունեություն ծավալի: Բոլորովին տարօրինակ, կամ ոչ օրինաչափ բան տեղի չի ունենում: Պարզապես Հայկ Մարությանը Նիկոլ Փաշինյանի հերթական ոչ կոմպետենտ կադրն է, ով ի սկզբանե չպիտի լիներ քաղաքապետ: Ինչևէ, հերթական արձակուրդից հետո, այսօր Հայկ Մարությանը աշխատանքի է գնացել: Ըստ մամուլի՝ նա մի քանի ժամ եղել է քաղաքապետարանում՝ իր հետ կապված տարբեր հարցեր «տեղը գցելու» համար, քանի որ վերջինս պատրաստվում է վերջնականապես հեռանալ քաղաքապետարանի շենքից ու իր կապերը կտրել ներկայիս իշխանությունների հետ:

Բազմաթիվ անգամներ գրվել է, որ Հայկ Մարությանը ցանկանում է հրաժարական տալ, բայց Նիկոլ Փաշինյանը չի թողնում: Ակնհայտ է, որ Մարությանին Երևան քաղաքի խնդիրները չեն հուզում, հակառակ դեպքում վերջին տեղացած ձյունը գոնե կստիպեր քաղաքապետին վերադառնալ արձակուրդից ու փրկեր մայրաքաղաքքը մի մեծ ու ամբողջական սահադաշտ դառնալու վտանգից: Հայկ Մարությանը գիտի, միշտ է իմացել, որ Երևանի քաղաքապետի պաշտոնն իր համար չէ: Նա քանիցս ցանկացել է ու հիմա էլ ցանկանում է հեռանալ, վերադառնալ իր անհոգ կյանքին: Այս անգամ, կարծես թե, նա վերջնականապես կհեռանա, քանի որ կա դրա համար մեկ այլ պատճառ՝ պատերազմի արդյունքներով պայմանավորված պատասխանատվությունը Նիկոլ Փաշինյանի հետ հավասար չկիսելու բնական ցանկությունը:

Կարեն Դանիելյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular