Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Արցախում վերաբացվել են նաև Շուշիի շրջանի որոշ կրթօջախներ

Արցախի գրեթե բոլոր բնակավայրերում արդեն կանոնավոր գործում են հանրակրթական դպրոցական հաստատությունները: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Միքայել Համբարձումյանը:

«Պատերազմական գործողությունների հետևանքով կորցրել ենք 107 դպրոց, որտեղ աշխատում էին 1764 ուսուցիչ, սովորում՝ 8155 աշակերտ: Արցախի տարածքում գտնվող  բնակավայրերում այժմ առկա է 110 դպրոց:  Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի շրջանների և Ստեփանակերտի դպրոցներում  սովորում է շուրջ 1700 աշակերտ: Սահմանային լինելու պատճառով՝ չեն գործում միայն Մարտունու Թաղավարդ, Կալեր համայնքների և Ասկերանի Սզնեք գյուղի կրթօջախները»,– ասել է փոխնախարարը:

Միքայել Համբարձումյանը նշել է, որ Սզնեքի դպրոցը, սահմանից մոտ 120 մետր հեռավորության վրա է գտնվում: Շուշիի շրջանի՝ Արցախի վերահսկողության տակ գտնվող բնակավայրերից, դպրոցներ են գործում Հին շենում ու  Եղցահողում, իսկ Մեծ շենի կրթօջախն առայժմ չի գործում՝ աշակերտ չլինելու պատճառով:

«Լիսագորում այժմ 2 աշակերտ կա և ըստ դպրոցի տնօրենի՝ առաջիկայում դպրոցականների թիվն աճելու է, և այստեղ ևս կրթօջախը կգործի: Քաշաթաղի շրջանում գործում է միայն Աղավնոյի դպրոցը, որտեղ ժամանակավորապես կարող են հաճախել նաև Ներքին Սուսի փոքրաթիվ աշակերտները: Որքանով տեղյակ եմ Բերձորում նույնպես դպրոցական երեխաներ կան: Նրանք առայժմ ավտոմեքենաներով կհաճախեն Աղավնոյի դպրոց, մինչև որոշվի Բերձորի կարգավիճակի հարցը»,- մանրամասնել է նա։

website by Sargssyan