ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբեմն ուզում ես ոմանց ապտակել, որ արթնանան քնից․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Լեդի Գագան ԱՄՆ նախագահի երդմնակալության ժամանակ հագուստի վրա կրում էր կրծքազարդ՝ աղավնի էր, որը կտուցին ճյուղ ուներ։ Անմիջապես սկսեցին տարածել այդ նկարը, նշել, որ այս սիմվոլիկան կրկին ուղղված է Հայաստանին, որ դա Նոյի աղավնին է։ Հիշում եք, չէ՞, թե քանի օր հայ հանրությունը քննարկեց Լեդի Գագայի հայտնի տեսահոլովակը։ Դրան նախորդեցին և հաջորդեցին ևս երկու լուր, որոնք առնչվում էին ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենին։ Նա իր աշխատակազմում երկու պաշտոնում նշանակել է ազգությամբ հայերի։ Իսկ մի թուրք պատգամավոր էլ «հայտնագործեց», թե Բայդենի նախնիներն ապրել են Երևանում։ Լուրերի մեկնաբանությունները և դրանք տարածելու մոլուցքը, կարծես, մեզ «հույս էին տալիս»՝ մենք փրկված ենք։

Սա կատակ, առավել ևս սև հումոր չէ, սա մեր իրականությունն է։ Սրանք լուրեր են մեր իրականությունից ու լրահոսից։ Ֆեյսբուքյան լրահոսում մեկ-երկու պտույտը ցույց է տալիս, որ մենք իրականում կտրված ենք իրականությունից, և հենց դրա հետևանքով ունեցանք պարտություն պատերազմի դաշտում։ Որևէ մեկը չի հերքում դավաճանության, բանակի անկազմակերպվածության և մի շարք այլ գործոններ, բայց պարտության մեջ կա նաև մեր մեղավորությունը, որ թշնամուն լուրջ չընդունեցինք, որ «մենք»-ը դարձրեցինք դրոշակ, պարզեցինք այն ու գնացինք առաջ։ Անգամ կարևոր չէր, թե ուր։ 90-ականներին հաղթանակ գրանցեցինք ու խոր թմբիրի մեջ ընկանք։

Տնտեսությունն իրականում զարգացնելու, ռազմաարդյունաբերությանը նոր թափ հաղորդելու, կրթական համակարգը բարեփոխելու և այն պատերազմական վիճակում գտնվող երկրին համահունչ դարձնելու փոխարեն ամեն տարի մայիսի 9-ին գլուխ էինք գովում, թե Շուշին ազատագրել ենք, փայլուն գործողություն իրականացրել։ Ազատագրել էինք, փայլուն ռազմական գործողություն իրականացրել, Արցախն էինք շենացրել, բայց ինչ-որ մի կետում թերևս սխալ էինք գործել, որ այն մեկ մարդը մեր պատմական քաղաքներից մեկը դժգույն ու դժբախտ համարեց և սկուտեղի վրա մատուցեց թշնամուն, որն այսօր տիրոջ իրավունքով շրջում է մեր բերդաքաղաքում և դրա ամեն անկյունում իր երկրի անիծյալ դրոշն է բարձրացնում։

Մենք ավելի հաճախ մեր երկրում առաջընթաց չենք գրանցում մեր մեծախոսության, պոռոտախոսության պատճառով։ «Գիտես՝ սովետի ժամանակ ինչե՞ր եմ արել, ման եմ եկել, փող ծախսել և այլն, և այլն»։ Նման մարդիկ, ավաղ, մնում են «սովետի» ժամանակներում, իրենք երբեք էլ որոշում չեն կայացնում անկախ Հայաստանում ապրելու ու արարելու, «էս երկիրն իրենց համար երկիր չի, էստեղ ապագա չկա»։ Այս օրերին հատկապես մեզանից յուրաքանչյուրը ստեղծել է իր աշխարհը, մեկուսացել դրանում։ Մեկ-մեկ տպավորություն է, թե մենք, մեզանից շատերը խորությամբ չենք էլ գիտակցում, թե ինչ տեղի ունեցավ, և մեզ կարելի է «խաբել» Լեդի Գագայի կրած «Նոյի աղավնու» պատկերով կրծքազարդով կամ էլ ամենուր «յան» վերջածանցի փնտրտուքով, և բոլորովին էլ կարևոր չէ, որ ազգանվան «յան» վերջածանց ունեցող շատ հայեր ավելի քիչ բան են արել հայրենիքի համար, քան, ասենք, բրազիլացի Մարկոս Պիզելին՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի։

Պարտությունը դառն էր, «մեռած ենք, թաղած չենք» արտահայտությունն այսօր շատերս ենք զգում սեփական մաշկի վրա, բայց մինչև ե՞րբ։ Երբեմն ուզում ես ոմանց ապտակել, որ արթնանան քնից, որ հասկանան Սյունիքում՝ Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածում, էլ չենք ասում՝ Արցախի գրեթե ողջ տարածքում այսուհետ ադրբեջանական դրոշն է ծածանվելու, որ սյունեցու, տավուշցու, Գեղարքունիքում ապրողների շնչին այսօր թուրքն է նստած, որ մեր քթի տակ այսօր հարձակողական զորավարժություն են անցկացնում։ Այս «որ»-երն այնքան շատ են, բայց ասողին լսող է պետք: Ի վերջո, եթե այդքան կարևորություն ենք տալիս «յան» վերջածանցին, դրանից գրեթե բոլորս ունենք, բոլորս, որ ապրում ենք Հայաստանում: Ուշանում ենք, ժամանակն է արթնանալ հետպատերազմյան թմբիրից, ժամանակն է գործել, իսկ թե ով ինչ կախազարդ կկրի կամ էլ պաշտոն կստանա, մեզ ամենաքիչը պետք է հետաքրքրի: Լինել հայամետ ու պետականամետ, սա է մեր գլխավոր շարժիչ ուժը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular