ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


էրդողանին ցանկանում են Թրամփի վերածել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
regnum.ru-ն գրում է, որ փետրվարին Հայաստանին հարակից Թուրքիայի Կարս նահանգում կանցկացվեն «Ձմեռ -2021» թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները: Ըստ թուրքական «Անադոլու» պետական գործակալության` դրանք խոստանում են լինել ամենախոշորը վերջին մի քանի տարիների ընթացքում: Սցենարը նախատեսում է համատեղ հարձակողական գործողություններ: Նպատակներն են համատեղ գործողությունների ընթացքում փոխգործակցության մշակում, ստանդարտ և հեռանկարային սպառազինության մարտունակության ստուգում: Ավելին, թուրքական կողմը անգամ Պակիստանին է հրավիրել զորավարժություններին մասնակցելու:
Այդ ամենում առկա են որոշակի տարօրինակություններ և խորհրդանշական պահեր:
 
Նախ, այդ զորավարժություններն անց են կացվելու ղարաբաղյան պատերազմի ավարտից հետո, երբ, տրամաբանորեն, Ադրբեջանի, Հայաստանի, ինչպես նաև այլ երկրների գլխավոր շտաբները դեռ պետք է ուսումնասիրեն այդ պատերազմի փորձը: Երկրորդ հերթին, եթե Ղարաբաղից հետո երկու «եղբայրական բանակները» չեն կարող բաժանվել միմյանցից, ապա նրանք կարող էին ինչ-որ տեղ ներքին Անատոլիայում վարժանքներ կատարել: Ավելին, Անկարան ակնարկում է Երևանի հետ հարաբերությունների կարգավորման մասին, իսկ Բաքուն, Մոսկվայի միջնորդությամբ, երկխոսություն է վարում Հայաստանի տարածքով միջանցքների բացման խնդիրներով: Եվ հիմա անհասկանալի է, թե զորավարժությունների ժամանակ Թուրքիան ու Ադրբեջանը ու՞մ են ներկայացնելու որպես պայմանական թշնամի: Ի՞նչ է պատահել:
 
Բաքվի փորձագետները, որոնց հետ regnum.ru-ն կապվել է հեռախոսով, սկզբունքորեն համաձայն են, որ «Ձմեռ -2021» զորավարժություններին ներկայիս իրավիճակում Ադրբեջանի մասնակցելը ամենևին էլ ձեռնտու չէ, բայց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստիպված է գործել «պարտքը վճարելով է գեղեցիկ» սկզբունքով և չի կարող, ղարաբաղյան պատերազմում Թուրքիայի ակտիվ աջակցությունից հետո հրաժարվել իր թուրք գործընկեր Էրդողանի առաջարկից: Ըստ զրուցակիցների` դա խորհրդանշական որոշում է: Բայց ինչու՞ են Իսլամաբադին ևս հրավիրել մասնակցելու զորավարժություններին: Սա էլ ընկալվում է որպես այդ գոտում Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան ռազմական դաշինքի առաջացում, ինչը զգուշություն է առաջացնում ոչ միայն Հայաստանում: Ըստ Բաքվի փորձագետ Սադիգ Ահմեդովի` «Պակիստանի միջուկային զենքը և Ադրբեջանի (ինչպես և Թուրքիայի) ռազմական ներուժը կարող են կատարելապես լրացնել միմյանց, և ռազմական դաշինքը կդառնա բոլոր մահմեդական երկրների ռազմական դաշինքի առանցքը»: Խնդիրը հավակնոտ է, բայց և խորհրդանշական: Մնում է Էրդողանը, որը այդ զորավարժություններով հատուկ խնդիրներ է լուծում:
 
Փաստն այն է, որ նրա գլխավոր ներքաղաքական դաշնակից և ազգայնական քաղաքական գործիչ Բախչելին ղարաբաղյան պատերազմում տարած հաղթանակը անվանել է «վերջին տասնամյակների թյուրքական աշխարհի հիմնական ձեռքբերումը» և խորհուրդ տվեց Էրդողանին «սուր ներքաղաքական խնդիրները լուծելու համար քամել դրանից առավելագույնը»: Խոսքը «մեկ ազգ` երկու պետություն» հայտնի թեզի ակտիվ խթանումն է թուրքերի քաղաքական գիտակցության մեջ: Բանն այն է, որ հակառակ Էրդողանի մերձավոր շրջապատի մարդկանց կանխատեսումների` Ղարաբաղում տարած հաղթանակը չի բարձրացրել նախագահի վարկանիշը: Սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ Թուրքիայի ակտիվ տարածաշրջանային քաղաքականությանը, այդ թվում Ղարաբաղում և Արևմուտքի հետ հարաբերությունների խառնաշփոթին աջակցում են 50%-ից էլ պակաս ընտրողներ:
 
 
Այդ առումով, որոշ թուրք փորձագետներ պահանջում են, որ Էրդողանը պատասխանի հետևյալ հարցին. «Ադրբեջանը վերադարձրեց իր տարածքները և երկխոսության մեջ մտավ Ռուսաստանի հետ, իսկ ի՞նչ ստացավ Թուրքիան»: Ավելին, ԱՄՆ-ում Ջո Բայդենի հաղթանակից և թուրքական ընդդիմության ուժերին սատարելու մասին հայտարարությունից հետո Թուրքիայում շատ բան է սկսվել փոխվել: Վերջերս թուրքական Sabah հրատարակությունը հրապարակել է Բայդենի նախընտրական հայտարարություններից մեկը, որտեղ նա հայտարարել է, որ «քանի դեռ Էրդողանը իշխանություն է, ԱՄՆ-ը չի կարող վերահսկել Թուրքիան, ուստի Էրդողանը պետք է տապալվի»: Ըստ թերթի` Բայդենը` ի դեմս Թուրքիայի ընդդիմադիր ուժերի, այդ հարցով նույնիսկ գործընկերներ է գտել: Ահմեդ Դավութօղլուն, որը Էրդողանի նախկին մերձավոր գործակիցն էր, իսկ հիմա նրա հակառակորդն է նախազգուշացրել է էրդողանին, որ նրան «հեռացնելու են նույնիսկ ընտրություններում հաղթելու դեպքում»: Միևնույն ժամանակ, Դավութօղլուն օգտագործել է արաբերեն «tasfiye» բառը, որը թարգմանաբար նշանակում է «հեռացնել», «լիկվիդացնել»: Ճիշտ է, նա չի հստակեցրել թե դա նշանակում է «պաշտոնից հեռացնել» թե՞ ֆիզիկական բռնություն ենթարկել: Էրդողանը վտանգ է զգում և փորձում է բանակը պահել անընդհատ լարված վիճակում՝ միարժամանակ երկրում զարգացնելով թյուրքական ազգայնականության գաղափարը: Այդ համատեքստում է ընկալվում «Ձմեռ- 2021» զորավարժությունների մոտիվացիան: Այնտեղ կթռչեն, կմարզվեն, կցատկեն, կկրակեն և տուն կգնան, բայց Թուրքիայի խնդիրները կմնան:
 
Ի դեպ, պատահական չէ, որ զորավարժությունների նախօրեին Էրդողանն ասել է, որ «ամսվա վերջին Անկարան և Մոսկվան կքննարկեն հարցերի լայն շրջանակ, ներառյալ ռազմաարդյունաբերական ոլորտում համագործակցությունը»: Մեկնաբանելով այս իրավիճակը ՝ թուրքական Cumhuriyet հրատարակությունը թուրքական դիվանագիտության աշխատանքը բնութագրում է, որպես «նյարդային ցատկեր մի ծայրահեղությունից մյուսը»: Ըստ թերթի` «եթե Սիրիայում Ասադին տապալելու նպատակը սխալ է եղել, ապա Անկարան պետք է համաձայնության գա Դամասկոսի հետ: Որպեսզի Լիբիայի հետ համաձայնությունն արդյունք տա, անհրաժեշտ է աշխատել պայմանագրեր կնքել Արևելյան Միջերկրական ծովի այլ երկրների հետ ...Պետք է երկխոսություն սկսել Հայաստանի հետ, այլ ոչ թե նրա սահմաններին զենքով շարժումներ անել: Պետք է Ռուսաստանի հետ բանակցել և դա օգտագործել ԱՄՆ-ի հետ սակարկություններում: Եթե սպառնալիքի աղբյուրը սխալ է որոշված, ապա անկախ նրանից կոպիտ ուժ կգործադրվի, թե կլինեն բանակցություններ, միևնույն է, արդյունքը չի փոխվի»: Այստեղ ավելացնելու բան չկա, ամեն ինչ ճիշտ է ասված:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular