Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Կծու կերակուրներ. Օգո՞ւտ, թե՞ վնաս

Կծու կերակուրների ազդեցությունն ընդհանրապես մարդու առողջության եւ, մասնավորապես, աղեստամոքսային համակարգի վրա, կախված է մի շարք գործոններից՝ հենց այդ մթերքների քանակից մինչեւ դրանք ուտել պատրաստվողի առողջական վիճակը:

Ինչպես հաստատում է գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը, սննդակարգում ոչ մեծ քանակությամբ կծուն՝ թեթեւ կծու համը, որը մի փոքր գրգռում է ախորժակը, չի կարող վնասել: Նույնիսկ ստամոքսի որոշակի հիվանդություններ ունեցող պացիենտների համար կծվի փոքր քանակությունը հաճախ չի հակացուցվում:

Սակայն, իհարկե, խորհուրդ չի տրվում չարաշահել կծու կերակուրները: Կծվի մեծ քանակությունը կարող է հանգեցնել լորձաթաղանթների այրվածքների եւ ստեղծել մի շարք այլ խնդիրներ: Կծվի նման քանակ, ըստ մասնագետի, իհարկե, խորհուրդ չի տրվում:

Գաստրոէնտերոլոգը հիշեցրել է, որ դեռեւս հնագույն ժամանակներից համարվում էր, որ կծու կերակուրը հատկապես օգտակար է շոգին եւ «ոչ շատ հիգիենիկ» պայմաններում: Բանն այն է, որ կծու սնունդը գրգռում է լորձաթաղանթները, ինչի արդյունքում ավելի շատ ստամոքսահյութ է արտադրվում՝ ավելի արտահայտված հակաբորբոքային հատկություններով: Այդ պատճառով կծու սննդամթերքը այդքան տարածված է հակասանիտարական պայմաններում:

Բայց եթե մենք ապրում ենք նորմալ հիգիենիկ պայմաններում` բավարար մաքուր ջրի հասանելիությամբ, եւ ցանկանում ենք երկար տարիներ ու տասնամյակներ պահպանել առողջությունը, խորհուրդ չի տրվում չարաշահել կծուն, ասում է մասնագետը:

Նշենք, որ որոշ ուսումնասիրություններ վկայում են նաեւ սննդակարգում չափավոր քանակի կծու կերակուրների օգտակար հատկությունների մասին: Այսպես, իտալացի գիտնականների աշխատանքը, որը հրապարակվել է Journal of the American College of Cardiology-ում, ցույց է տվել, որ մարդիկ, ովքեր պարբերաբար կծու չիլի պղպեղ են ուտում, ավելի հազվադեպ են մահանում ինֆարկտից եւ ինսուլտից: Մեկ այլ ուսումնասիրություն էլ ցույց է տվել, որ այն մարդիկ, ովքեր պարբերաբար կարմիր կծու պղպեղ են ուտում, սովորաբար երկար են ապրում եւ ավելի հազվադեպ են մահանում սրտանոթային հիվանդություններից:

Հայտնի է, որ կարմիր կծու պղպեղը պարունակում է կապսաիցին, որը, ինչպես համարվում է, կարող է բարելավել սրտանոթային համակարգի աշխատանքն ու նյութափոխանակությունը: Հայտնի են նաեւ դրա պաշտպանիչ հատկությունները աթերոսկլերոզի դեմ: Կարծիք կա, որ կապսաիցինը հակաքաղցկեղային ակտիվություն ունի: Սակայն այսօր հայտնի չէ՝ արդյո՞ք այդ ազդեցությունները բավականաչափ արտահայտիչ են մարդկային կյանքը երկարացնելու համար: Միեւնույն ժամանակ, մտավախություն կա, որ այս նյութը մեծ քանակությամբ կարող է մեծացնել ստամոքսի քաղցկեղի առաջացման հավանականությունը:

website by Sargssyan