Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Եռակողմ հանդիպումից խոստացված տնտեսական աճը մեծ միֆ է

Նախօրեին Մոսկվայում տեղի ունեցած  Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպման  հետևանքների, ձեռքբերումների և կորուստների մասին 1or.am կայքը զրուցել է քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանի հետ։

- Պարոն Սարոյան, տեսակետ կա, որ այս հանդիպումից միակ դժգոհ կողմը Հայաստանն է, իսկ Ռուսաստանը և Ադրբեջանը, ամեն դեպքում, շահած են դուրս եկել հանդիպումից։ Դուք կիսո՞ւմ եք այս տեսակետը։  

— Այո, կիսում եմ այդ տեսակետը։ Բայց այդտեղ շահած կողմը միայն Ռուսաստանն ու Ադրբեջանը չէին, այլ շահած կողմ են երեք պետությունները ՝ Ռուսաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը։ Իսկ Հայաստանի վարչապետի այն խոսքը, թե այդ փաստաթղթով մենք ևս ձեռքբերումներ ունենք կեղծիք է, որովհետև դա ընդամենը այն մտայնության սպասարկումն է, թե իբրև սահմանները Ադրբեջանի և Թուրքիայի հետ բացելուց հետո  Հայաստանում տնտեսական աճ կգրանցվի։ Դա շատ մեծ միֆ է, այնպիսի խաբկանք ու մեծ սուտ, որի վրա փորձում են քաղաքականություն կառուցել։ Բայց վաղը, մյուս օրը, հետագայում կյանքն էլ ցույց կտա, որ դա սուտ էր և հետահայաց նրանք հետո չեն ասելու․ «կներեք, մենք սխալվել ենք, մենք ձեռքբերում չունենք»։ Այդպիսի բան չի լինելու։

- Մոսկվայում, նախօրեին կայացած հանդիպմանը նախորդել էր բավականին մեծ աղմուկ, խոսվում էր հնարավոր վտանգավոր փաստաթղթի ստորագրման մասին: Այս բոլորը խառնաշփոթ ստեղծելու, մանիպուլյացիաներ անելու և քաղաքական անկայունություն ստեղծելու համա՞ր էին արվում:   

— Աղմուկի ժամանակ նետվեցին որոշակի հանգամանքներ, որոնք թվում է, թե իրականության հետ աղերս չունեն, բայց նաև կար այն տրամաբանությունը, որ ներկայացնում էին առավել վտանգավորը, որ հետո կարողանան նվազագույն  վտանգավորը անց կացնել։ Դա տեխնոլոգիա է և մեկ անգամ չէ կիրառվել, և Հայաստանում էլ է դա եղել ընդունելի տեխնոլոգիա։ Եվ այդ տեխնոլոգյան կիրառվեց նաև այս դեպքում, բայց  միայն դա չի, կան որոշակի խնդիրներ, որ մի փաստաթղթով չի լուծվելու։ Կան մի շարք հարցեր, որոնց լուծումը հետագայում է լինելու։ Եվ այդ սպասելիքը մի փաստաթղթի տեսքով չի լինելու։ Կարող են լինել մի քանի փոքր փաստաթղթեր,որոնք ավելի վտանգավոր կլինեն և ավելի լուրջ խնդիրներ կստեղծեն՝ վտանգելով Հայաստանի պետական շահը։ Եվ այս անգամ կնքած փաստաթուղթը էլի  բավականին վտանգավոր և պետական շահը նսեմացնող փաստաթուղթ ստացվեց։

Սոնա Գիշյան

www.1or.am 

website by Sargssyan