Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Ընդդիմության և իշխանության ընդդիմությունը

Հետաքրքիր քաղաքական վարքագիծ ունեցող գործիչ է Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: Ինչ խոսք նա կլասսիկ կարող է համարվել, քանի որ բիզնեսմեն չէ, կիրթ է, գրագետ, քաղաքական գործընթացներին մասնակցում է գերազանցապես քաղաքական գործիքակազմով և այլն: Սակայն Հայաստանում քաղաքական գործընթացները կլասսիկ չեն, քանի որ դաշտի մյուս դերակատարներն այդպիսին չեն, կամ գոնե մեծ մասն այդպիսին չէ: Սա այլ թեմա է սակայն: Վանաձորյան կոլորիտով պատգամավոր Էդմոն Մարուքյանը միաժամանակ ֆեյքային ֆաբրիկաների կողմից ամենաշատ հայհոյված քաղաքական գործիչներից մեկն է: Իհարկե, նրան քննադատում են նաև իրական մարդիկ ու դա հետաքրքիր պատճառներ ունի: Բայց մենք դիտարկենք ամենակարևոր պատճառներից մեկը: Էդմոն Մարուքյանին և Լուսավոր Հայաստան կուսակցությանը մեղադրում են իշխանության գրպանային ընդդիմությունը լինելու մեջ, որը ճիշտ պահին խանգարում է այլ ընդդիմադիր ուժերին որոշակի քաղաքական պրոցեսներ առաջ մղելու ժամանակ:

Եթե անկեղծ լինենք, ապա հայաստանյան քաղաքական իրականության մեջ միշտ էլ եղել են ընդդիմադիր ուժեր, որոնք արբանյակ-բուֆֆերի դեր են խաղացել իշխանության համար: Դիցուք Հայաստանում 2018թ. իշխանափոխությունից հետո Լուսավոր Հայաստան կուսակցությունը, որն, ի դեպ, ԵԼՔ դաշինքի անդամ կուսակցություններից մեկն էր բավականին պատկառելի թվով պատգամավորներով ներկայացված է Ազգային Ժողովում: Էդմոն Մարուքյանը ներկայումս կարևոր դերակատարում կարող է ունենալ խորհրդարանում, կարևոր դերակատարում կարող է ունենալ ինչու չէ փողոցային պայքարում, այլ հարթակներում, սակայն արի ու տես, որ որևէ հարթությունում Մարուքյանի կուսակցությունը գրեթե միշտ հանդես է գալիս կիսահղի վիճակում: Երբ Իմ քայլի պատգամավորները ԱԺ դահլիճում ծեծում էին Էդմոն Մարուքյանին, ինչն, ի դեպ, աննախադեպ էր խորհրդարանի պատմության մեջ, ինչպես նաև դատապարտելի ու անընդունելի էր, կողքի աչքով նայողի համար տպավորություն կարող էր ստեղծվել, թե ԼՀԿ-ն ու Իմ քայլը ոխերիմ հակառակորդներ են, իսկը իշխանություն և ընդդիմություն: Սակայն բազմաթիվ այլ դրվագներում, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի հրաժարականի գործընթացի, ժամանակավոր անցումային կառավարությամբ նոր ընտրությունների գնալու հարցում, Մարուքյանը Հռոմի պապից ավելի կաթոլիկ է: Չէ, այնպես չէ, որ Մարուքյանը չի պահանջում Փաշինյանի հրաժարականը: Պահանջում է, բայց ասում է, որ ինքը կարող է լինել վարչապետը:

Դասական առումով ճիշտ քաղաքական գործընթաց է գեներացնում Մարուքյանը, նա ԱԺ խմբակցության ղեկավար է և կարող է հավակնել վարչապետի պաշտոնին, սակայն լավ հասկանում է, որ դա անհնար է: Անհնար է զուտ այն պատճառով, որ Հայաստանի քաղաքական դաշտում ստեղծվել է մի աննախադեպ իրավիճակ, երբ Փաշինյանի հրաժարականն են պահանջում գրեթե բոլորը` ԲՈՒՀ-եր, դերասաններ, Կուսակցություններ և ՀԿ-ներ, գիտնականներ, բժիշկներ, երկու կաթողիկոս, բոլոր բոլորը: Ու այս մարդկանց պատկերացրած վարչապետի թեկնածուն հաստատ Մարուքյան Էդմոնը չէ: Հակառակ դեպքում շատ արագ կոնսոլիդացիա տեղի կունենար հենց Մարուքյանի շուրջ: Հետևաբար Մարուքյանին այլ ելք չի մնում, քան գետի հոսանքին հակառակ չթիավարելը, ինչը հիմա նա անում է: Սեփական քաղաքական օրակարգ ունենալը և դրանով առաջնորդվելը ոչ միայն կարևոր, այլև անհրաժեշտ պայման են իրեն հարգող ցանկացած կուսակցության և գործչի համար: Սակայն Հայաստանում ստեղծված իրավիճակը ստիպում է քաղաքական ուժերին միավորվել այլ օրակարգի շուրջ: Կարծես թե նպատակը մեկն է` իշխանությունից հեռացնել Նիկոլ Փաշինյանին, սակայն այն ինչ անում է Էդմոն Մարուքյանը ոչ միայն իրեն չի դարձնում վարչապետ, այլև չի նպաստում Փաշինյանի հեռացմանը: 

Անի Առաքելյան

www.1or.am 

website by Sargssyan