Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Տարածաշրջանային փակուղի․ բարդ կացություն

Տարբեր մեկնաբանությունների առիթ հանդիսացած եռակողմ հանդիպումը Կրեմլում, այնուամենայնիվ, կայացավ։ Այն` ինչ Պուտինը ասաց Ալիևին ու Փաշինյանին եռակողմ հանդիպման հրապարակային առաջին րոպեներին, առողջ տրամաբանության ու նորմալ իրավիճակի դեպքում` երկուսն էլ պետք է տեղեկացնեին Պուտինին։ Նրանք նաև պարտավոր էին արտահայտել իրենց գնահատականները, դիտողությունները, դժգոհությունները, պահանջները, և անգամ` առաջարկներ ներկայացնել։ Նման բան մենք չտեսանք, իսկ տեսածից էլ շատ դժվար է համարձակ հետևություն անել, թե 4 ժամ տևած եռակողմ փակ հանդիպման ժամանակ նման ինչ-որ բան եղել է։ Եռակողմ հանդիպման նախօրեին, համենայն դեպս, ասվում էր, թե իբր հրավիրում են` նոյեմբերի 10-ի հայտարարության կատարման ընթացքը ու հետագա անելիքները քննարկելու համար։ Մինչդեռ ակնհայտորեն չլսելու տվեցին, պարզորոշ անտեսեցին Փաշինյանի խեղճ ու կրակ, իսկապես միայն մեզ` ներքին լսարանի համար արձակած ծղրտոցը, որով նա կցկտուր ակնարկնեց ընդամենը` որ Ադրբեջանը չի կատարում գերիներ փոխանակելու պայմանավորվածությունը։ Եվ սա` ռուսական խաղաղապահների գերազանց աշխատանքի պայմաններում։

Ու ոչ մի խոսք GPS-ով կամային սահմաներ գծելու, նոր տարածքներ զավթելու, խաղաղ հայ բնակիչներին առևանգելու ու գերեվարելու, նրանց նկատմամբ հնարածին քրեական գործեր հարուցելու, հայկական մշակութային, կրոնական հուշարձաններն ու շինությունները մեթոդաբար ոչնչացնելու, հրադադարը քմահաճորեն խախտելու, պարբերաբար կիրառվող շանտաժի ու սադրանքների մասին։ Միանշանակ անհայտ է մնում, թե իրականում ինչ են քննարկել չորս ժամ տևած եռակողմ հանդիպման ժամանակ, բայց դատելով Նիկոլի ճնշված կեցվածքից, Իլհամի ակտիվ շարժուձևից ու հրապարակված ամփոփիչ «արդյունքներից»` դժվար թե հետագա զարգացումները տևական խաղաղություն ու անվտանգություն ապահովեն Արցախում ու Հայաստանում, սահմանային բնակավայրերում ու ընդհանրապես` տարածաշրջանում։ Մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, թե եռակողմ հանդիպման ժամանակ քննարկվելու են բոլոր «ցավալի» խնդիրները։ Մինչդեռ, Նիկոլի պարտվողական, կծկված տեսքը, վախվորած, դեպի անհայտություն ուղղած հայացքը միանշանակ հուշում են, որ նա լուռ ու ուշադիր լսողի և գլխի պարբերական խոնարհումներով ամեն ինչի հետ համաձայնողի խղճալի վիճակում է եղել։

Տակավին հայտնի չէ, թե փակ դռների հետևում այդ ո՞ր «ցավալի» փաստերն ու հանգամանքներն են ներկայացվել, որ եկել են եզրահանգման, թե նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ նշված պարտավորությունները կատարվում են և լուրջ ինցիդենտներ չեն եղել։ Մի՞թե այն, որ մարդիկ թողնում են իրենց պապենական բնակավայրերը, վառում են իրենց տները ու մատնվում են անորոշության` դա լուրջ ինցիդենտ չէ՞։ Լուրջ ինցիդենտ չէ՞, երբ թշնամին հրադադարի պայմաններում նոր տարածքներ է զավթում, թրքաբարո ոչնչացնում է տեղացիների բոլոր մշակութային հետքերը։ Եվ սա համարվում է Արցախի զարգացման ծրագի՞ր։ Այդ ծրագիրն ի՞նչ տեսք է ունենալու, երբ արցախցին ու թուրքը տրամագծորեն ընդհակառակն են պատկերացնում իրենց վաղվա օրը։ Թե՞ հիմա էլ այդ ծրագիրը պետք է բավարարի, իբր, բոլորի շահերը, բայց հատկապես պետք է համապատասխանի թուրքերի ու արբեջանցիների պահանջներին։

Ինչևէ. ըստ հունվարի 11-ի եռակողմ համատեղ հայտարարության` Պուտինի առաջարկության համաձայն ստեղծվելու է երեք երկրների փոխվարչապետերի համանախագահությամբ գործող աշխատանքային խումբ, արդեն հունվարի 30-ին աշխատանքային խումբը պետք է առաջին նիստում կազմի աշխատանքային պլան` նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի պահանջները կատարելու համար, ապա համանախագահները պետք է հաստատեն փորձագիտական ենթախմբերի կազմերը, որոնք էլ մեկամսյա ժամկետում պետք է հաստատման ներկայացնեն հիմնավորված նախագծերի ցանկ, իսկ մարտի 1-ին բարձրագույն մակարդակում պետք է հաստատվի եռակողմ համատեղ ծրագրի մեջ ներառված միջոցառումների ցանկն ու դրանց իրագործման ժամանակացույցը։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

website by Sargssyan