ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունն արդեն իսկ հեռացված է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թերևս, բոլորը կհամաձայնեն, որ կասկածից վեր է, որ անգործունյա և բոլոր ոլորտները տապալած, սեփական ժողովրդին խաբած իշխանությունը պետք է հեռանա, որովհետև պարտվել է: Մեծ հաշվով, հերթական, թե արտահերթ տարբերակով, բայց հին, սպառված կամ ձախողված որևէ իշխանության հեռացում տեղի է ունենում նոր իշխանության ձևավորմանը զուգահեռ: Եթե պահպանված չէ այդ զուգահեռը՝ նվազագույնը, էլ չասած այն մասին, որ նորի ձևավորումը պետք է լինի առաջանցիկ տեմպ, ապա իշխանության փոփոխությունը չի լինի հարցերի արդյունավետ լուծում: Ի վերջո, չէ՞ որ անիշխանությունը լուծում չէ, իսկ որևէ իշխանություն էլ չի կարող լինել մեխանիկական երևույթ: Իրականում այն, որ այդ պահանջը կամ կարծիքը պասիվ է, չունի ակտիվ դրսևորում, պայմանավորված է նրանով, որ ակտիվ կամ ընդհանրապես դրսևորում չունի նոր իշխանության ձևավորումը՝ իբրև բովանդակություն: Միևնույն ժամանակ, որքան տրամաբանական չէ իշխանության հեռանալու մասին անընդհատ կրկնելը, նույնքան տրամաբանական չէ իշխանության անընդհատ կրկնելը, թե կան անելիքներ և պետք է կենտրոնանալ այդ անելիքների վրա: Տրամաբանական չէ, որովհետև անելիքը հանրությանը պետք է մատուցվի շատ կոնկրետ քայլերով:

Վերջին մի քանի ամիսներին տեղի ունեցածը լիովին բավարար է, որպեսզի իշխանության հեռացման պահանջը դարձնի լիովին տրամաբանական և օրինաչափ: Սակայն տեղի ունեցածի և անգամ տեղի ունեցողի ֆոնին առավել ևս կարևոր է դառնում ոչ թե իշխանության հեռացումը, այլ նոր իշխանության ձևավորումը: Այդ իմաստով ներքին օրակարգային խոսակցությունը պետք է ծավալվեր հենց այդ խնդրի շուրջ, ինչը, սակայն, գոյություն չունի բացարձակապես: Մինչդեռ հանրությանը բոլորովին պետք չէ ռազմական պարտության, հազարավոր զոհերի, ծանր մարդկային ու տարածքների կորուստների ծանրությունն ավելի ու ավելի սուր և թեժ ներկայացնելու ջանք: Ներկայումս պետք են այդ ցավի հաղթահարման թե՛ հոգեբանական, թե՛ արդեն կոնկրետ տնտեսաքաղաքական լուծումներ, որոնց շուրջ խոսակցությունն էլ պետք է սկսի լուծել նոր իշխանության ձևավորման հարցը:

Նոր իշխանության ձևավորումն է, որ ինքնաբերաբար լուծելու է ներկայումս գործող իշխանության հեռացման խնդիրը: Այդ իշխանությունը արդեն հեռացած է, այդ իշխանության ու հանրության միջև օրգանական կապ այլևս գոյություն չունի: Այդ կապն արդեն սկսել էր խզվել պատերազմից առաջ իսկ, և առավել ևս այն կտրվել է ծանր պարտությամբ և իրողություններով: Բայց, ի տարբերություն հասարակական-քաղաքական դերակատարների, հասարակությունը այդ իշխանության հետ չունի լուծելու քաղաքական հարց, հանրությունը ակնկալում է եղած քաղաքական հարցերի լուծում, ըստ այդմ՝ պատրաստ է իշխանության մանդատ տալ նրանց, ովքեր առարկայորեն կխոսեն լուծումների մասին: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կմնա այնքան, քանի դեռ չի լինի հանրության հետ այդ լուծումների մասին խոսող նոր քաղաքական ուժ: Նոր՝ ամենևին չի նշանակում ֆիզիկապես կամ «գրանցման վկայականով» նոր: Նոր ուժ, այսինքն՝ ուժ, որը նոր իրավիճակում կսկսի խաղալ մարդկանց մտքերի, ոչ թե զգացմունքների և բնազդների վրա: Իսկ անելիքները ահռելի են ներքին ու արտաքին դաշտում, ահռելի ու հրատապ:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular